24/08/2023 13:14
Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին. մայրաքաղաքում դեռ որոշում չկա
Մարտունի և Ճարտար քաղաքների, խոշոր համայնքներից՝ Սոսի, Կարմիր շուկայի, Բերդաշենի և Գիշիի բնակիչները օգոստոսի 23-ից հացը գնում են կտրոնային եղանակով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը: «Հաշվի առնելով բնակչության թվաքանակը և ստացված հացահատիկի բերքի սակավ պաշարները` եկել ենք այն եզրահանգման, որ պետք է խնայողաբար օգտագործենք»,- մանրամասնել է Հ.Հայրումյանը: Նա նշել է, որ արդեն մշակվել է կտրոնի ձևը և տրամադրվել բնակիչներին, կտրոնի նմուշը ուղարկվել է համայնքներ:
«Կտրոնի մեջ ներառված է ընտանիքի ավագի անուն-ազգանունը, տվյալ ընտանիքի անդամների թիվը և տրամադրվելիք հացի քանակը: Հաշվի ենք առել հացի զանգվածը. մինչև երեք անդամ ունեցող ընտանիքին տալիս ենք երկուական հաց, յոթ անդամով ընտանիքին՝ վեց, ութին՝ յոթ հաց: Հաշվի ենք առել ալյուրի պաշարները, փռերի թողունակության հնարավորությունները, և չեմ կարծում, որ նման հարցերում խոչընդոտներ կառաջանան: Կտրոնների վրա նշված կլինեն ամսաթվեր, փռերի կամ խանութների աշխատողները հացը տրամադրելուց հետո տվյալ կտրոնում կնշեն, որ քսանչորս ժամվա հասանելիք հացը ստացվել է»,- ընդհանրացրել է Հ. Հայրումյանը:
Ի դեպ, հաշվի առնելով հացի ձեռքբերման դժվարությունները՝ «Արցախպրես»-ը մեկնաբանություն է խնդրել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանից. արդյո՞ք կտրոնային համակարգը անհրաժշտ չէ նաև մայրաքաղաքում մտցնել: Ի պատասխան, քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Վարդուհի Օհանյանը նշել է, որ մինչև այս պահը նման քննարկում չի եղել: