24/08/2023 09:57
«Ժողովուրդ». Մարությանը կա՛մ վստահ է իր վարկանիշի վրա, կա՛մ էլ կաշկանդվում է երևանցիների ու լրատվամիջոցների հետ շփումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երևանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձևաչափը:
Նախկին քաղաքապետը դեռ երևանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը, մինչ օրս անգամ կարգախոս չի ներկայացրել: Հայկ Մարությանը, քարոզարշավի օրը դուրս գալու ու երևանցիների հետ շփվելու փոխարեն, նախընտրել է քարոզարշավի մեկնարկի օրն իր թիմակիցների հետ միջոցառում կազմակերպել՝ դրամահավաք երեկո, որն անգամ փակ է եղել լրատվամիջոցների համար:
Թեև տեղին է հիշել, որ իր պաշտոնավարման օրոք էլ Հայկ Մարությանը, լինելով քաղաքապետ, փակ էր մայրաքաղաքի բնակիչների ու լրատվամիջոցների համար: Շատ հաճախ արձակուրդում էր: Թերևս Մարությանը կա՛մ այնքան է վստահ իր վարկանիշի վրա, որ քարոզարշավի անհրաժեշտություն չի տեսնում, կա՛մ էլ կաշկանդվում է երևանցիների ու լրատվամիջոցների հետ շփումներից: Համենայնդեպս, մինչ օրս դա են փաստում նրա քայլերը»։