24/08/2023 09:45
«Հրապարակ». Փաշինյանը անձա՞մբ կմասնակցի Երևանի ընտրությունների քարոզարշավին, թե՞ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացում փակագծերը՝ անձա՞մբ կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ այս անգամ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի, որպեսզի հետագայում` ցածր քվեներ ստանալու պարագայում, մեղավորներին ավելի կոնկրետ ու հասցեական պատժի։ ՔՊ-ական պատգամավորներն ու ավագանու ցուցակում ընդգրկվածները համենայնդեպս մինչ այս պահը չունեն այդ հարցի պատասխանը` Փաշինյանը նրանց չի հաղորդել այդ մասին։
Եվ չնայած դրան, առավել փորձառուները վստահ են, որ գոնե վերջին օրը՝ եզրափակիչ հավաքին, Փաշինյանը կմասնակցի և կխոսի, քանի որ սա ոչ միայն Երևանի գրավման և Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հարցն է, այլև իշխանությունը պահելու։ Եվ կասկած չկա, որ Փաշինյանը ՔՊ-ի հաղթանակը թմբկահարելու է այն ասպեկտով, որ իրենց վարած քաղաքականության հարցում ունեն քաղաքացիների լիակատար վստահությունը, եթե, իհարկե, կանխատեսած բարձր արդյունքները գրանցեն։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ավարտվում է ԱԺ պատգամավորների մեկամսյա արձակուրդը: ՔՊ-ական ակտիվին և ոչ այնքան վարկաբեկված երեսփոխաններին հրահանգվել է ակտիվ մասնակցել քարոզարշավի շրջանակներում սպասվող բակային հանդիպումներին` խորհրդարանական աշխատանքը կսպասի։ ՔՊ-ն, մեր տեղեկություններով, 800 հազար դոլարի նախընտրական տեսահոլովակներ է պատվիրել միայն «Շարմ» ընկերությանը: Հիմնական շեշտը դրվելու է երևանյան երգերի, թանկ հոլովակների վրա»։