25/08/2023 22:35
Դեպրեսիան նախասեռահասունացման տարիքի երեխաների մոտ. Ինչպե՞ս հաղթահարել
Երեխաների մոտ դեպրեսիայի առաջացումն ու զարգացումը հաճախ կապվում է նաև հղիության ընթացքում սթրեսի և պտղի զարգացման վրա դրա ազդեցության նշանակության հետ։
Մանկահասակ երեխաների մոտ դեպրեսիան հազվադեպ հանդիպող վիճակ է։ Այն կարող է դրսևորվել, եթե ծնողները կոպիտ են վարվում իրենց երեխայի հետ, ավելի հազվադեպ, երբ սահմանում են ծայրահեղ խիստ հսկողություն:
Սեռահասունացման տարիք չհասած երեխաների մոտ դեպրեսիան հանդիպում է շատ ավելի հաճախ։ Հիվանդությունը կարող է կապված լինել ընտանեկան դժվարությունների, ընտանիքում նոր երեխայի ծննդի կամ երեխայի սոցիալական կապերի ազդեցությունների հետ, ինչպիսիք են նոր մանկապարտեզ կամ դպրոց հաճախելը:
Եթե երեխայի մոտ ի հայտ են գալիս դեպրեսիայի ախտանիշներ, լավագույն քայլը մասնագիտական օգնության դիմելն է։ Դեպրեսիայի դրվագներ ունեցած բազմաթիվ երեխաներ կարող են ապագայում ևս ունենալ նման երևույթներ, սակայն որևէ սթրեսային իրադարձության հետ կապված թույլ դեպրեսիան ունի առողջացման բարձր հավանականություն։
Նախասեռահասունացման տարիքի երեխաների մոտ դեպրեսիայի նշաններից են՝
երկարաձգված թախծոտ տրամադրություն,
սովորական զբաղմունքներից հետաքրքրության կորուստ (խաղեր և այլն),
մեկուսացում ինչպես տանը, այնպես էլ դպրոցում կամ բակում,
արտասովոր վարքագծի դրսևորում, օրինակ՝ գողություն կամ անհիմն պոռթկումներ,
ընդհանուր հոգնածության զգացում՝ հատկապես ցերեկային ժամերին,
քնի խանգարումներ,
գիշերամիզություն։
Երեխայի մոտ դեպրեսիայի ախտորոշումը բավականին բարդ գործընթաց է։ Կարող է անհրաժեշտություն ծագել, որ հոգեթերապևտը ծնողի թույլտվությամբ հանդիպի և զրուցի երեխայի, նրա ուսուցիչների, ընտանիքի մյուս անդամների և ընկերների հետ։
Երբեմն երեխան կարող է կտրուկ հրաժարվել որևէ բժշկական ծառայություն անցնելուց։ Նման դեպքում երեխային կօգնի ոչ թե զայրույթը, պարտադրանքը կամ խաբելը, այլ նրա հետ մտերմիկ զրույցը, որին կարող են ներգրավվել նաև մարդիկ, ում երեխան հավատում ու վստահում է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։