25/08/2023 20:30
Ի՞նչ պետք է լինի առաջին դասարանցու պայուսակում. խորհուրդներ
Սեպտեմբերյան առաջին իսկ օրերից նորաթուխ աշակերտներն իրենց հետ պետք է տանեն երեք-չորս դասագիրք, նոթատետր, մատիտատուփ և այլն, ուստի առաջին հերթին կարևոր է պայուսակի ճիշտ ընտրությունը։ Այն նախ պետք է լինի ընդարձակ, երկրորդը՝ կոշտ և ունենա կարգավորվող ճարմանդներ, որպեսզի ամրագոտիները ճիշտ հարմարեցվեն ուսերին:
Խորհուրդ չի տրվում միայն մեկ ուսին գցվող պայուսակ գնել, դա կարող է հանգեցնել երեխայի ողնաշարի կորության։
Եվս մեկ խորհուրդ. ուսապարկ կարելի է գնել ոչ թե օգոստոսի վերջին, այլ սեպտեմբերի առաջին օրերին, երբ խանութները սկսում են զեղչեր սահմանել դպրոցական պարագաների տեսականու համար։
Գրչատուփը նույնպես պետք է մեծ լինի, որպեսզի դրա մեջ հեշտությամբ տեղավորվեն մի քանի գրիչներ և մատիտներ, ռետին, քանոն և սրիչ։ Հնարավորության դեպքում ավելի լավ է ձեռք բերել փափուկ գործվածքից կամ սիլիկոնե պատյաններ, դրանք ավելի հեշտ է տեղավորել ուսապարկի մեջ:
Գրելու պարագաները պետք է հարմար լինեն ձեռքի համար, ուստի ցանկալի է, որ գրիչները և մատիտները չունենան խանգարող տարրեր՝ վրան և վերևի մասում։ Հավասարակշռության նույնիսկ ամենափոքր փոփոխությունը թույլ չի տա, որ երեխայի մոտ գեղեցիկ ձեռագիր ձևավորվի։
Դեկորով, ինչպես նաև ցանկացած առարկայի տեսքով (գնացքներ, ծառեր և այլն) պատրաստված գրիչներ և մատիտներ կարելի է ձեռք բերել տանն օգտագործելու համար, եթե ծնողի կամ երեխայի համար դժվար է նման իրերի կողքով խանութում անտարբեր անցնելը, սակայն դպրոցում դրանց գործածությունը չի խրախուսվում, որպեսզի երեխաները դասից չշեղեն ու չտարվեն խաղով։
Ուսումնական գործընթացում առաջին դասարանցիները սովորաբար օգտագործում են քիչ քանակությամբ տետրեր, դրանք պետք է ծածկված լինեն կազմով. Կարելի է նաև թղթապանակ գնել տետրերի համար, որպեսզի չճմրթվեն պայուսակում։ Կազմերը սովորաբար անհրաժեշտ են ոչ միայն տետրերի, այլև դասագրքերի համար։ Բայց ավելի լավ է դրանք գնել դասագրքերն ստանալուց հետո, քանի որ դասագրքերի չափը նախապես հնարավոր չէ կռահել։
Նկարչության համար կարող եք ձեռք բերել մի քանի «միջին» իրեր՝ 16 թերթանոց ալբոմ, ջրաներկ, 24 գույնի մատիտներ, սրիչ, մեկ վրձին և այլն։
Ցանկալի է ունենալ նկարչական պարագաների առանձին թղթապանակ՝ անկախ նրանից՝ դրանք կպահվեն դասարանո՞ւմ, թե՞ երեխան իր հետ կբերի միայն նկարչության դասին։
Երբեմն ֆիզկուլտուրայի ուսուցիչները տարբեր պահանջներ են ներկայացնում՝ մարզահագուստի հետ կապված, ուստի ավելի ճիշտ է սպասել ֆիզկուլտուրայի դասին, որպեսզի առարկայի ուսուցիչն ինքը ներկայացնի պահանջվող իրերը։ Առաջին դասի համար կարելի է օգտագործել սովորական շապիկներ, շորտեր և սպորտային կոշիկներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։