25/08/2023 23:02
Եթե ՀՀ իշխանությունն Արցախի անվտանգային հարցում չներգրավվի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի․ Լավ հասկանում են, բայց անում են ճիշտ հակառակը․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարության այն դրույթին, ըստ որի Արցախի առջև եղած մարտահրավերները կարող են դառնալ անհաղթահարելի, եթե Հայաստանւ չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն:
«Արցախի պետնախարարը լայվի միջոցով անդրադարձել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և այդ համատեքստում ընդգծել, որ Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն:
Առաջին հայացքից ակնհայտ ճշմարտություն է ասվում, որի մասին շատերս խոսում ենք, սակայն կարևոր է, որ սա հնչում է Արցախից ու հիմնական պատասխանատուներից մեկի կողմից:
Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում ստեղծված աղետալի վիճակի համար մեղավոր է ոչ միայն նրա համար, որ իր քաղաքական կուրսն է բերել և նման ծանր հանգրվանի հասցրել, այլ նրա, որ այդքանից հետո շարունակում է պնդել իր կործանարար դիրքորոշումը:
Արցախի ներքին ռեսուրսներն անսպառ չեն, և եթե ՀՀ իշխանությունը սոցիալական բնույթի սահմանափակ օժանդակությունից բացի, քաղաքական, անվտանգային հարցերում ներգրավվածություն չապահովի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի:
Սա ՀՀ իշխանությունը լավ հասկանում է, բայց անում է ճիշտ հակառակը»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: