25/08/2023 18:55
Հարավային Օսիայի ղեկավարը Մեդվեդևի հետ խոսել է Ռուսաստանի կազմ մտնելու հնարավորության մասին
Հարավային Օսիան պատրաստ է զարգացնել ինտեգրումը Ռուսաստանի հետ` ընդհուպ մինչև Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելը, հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը՝ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման 15-րդ տարեդարձի նախօրեին, անկախության ճանաչման մասին հրամանագրերը 2008 թվականի օգոստոսի 26-ին ստորագրել էր Դմիտրի Մեդվեդևը, ով այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահն էր։
Գագլոևը հանդիպման ժամանակ նշել է, որ 1774 թվականին Օսիան կամավոր մտել է Ռուսական կայսրության կազմ և «այդ ժամանակից ի վեր հետ չի կանգնել պատմական իր որոշումից»։
«Այսօր պատրաստ ենք զարգացնել ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի Դաշնության հետ՝ ընդհուպ մինչև Ռուսաստանի Դաշնությանը միանալը»,- ասել է Գագլոևը՝ դիմելով Մեդվեդևին։