25/08/2023 13:28
Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը
Օգոստոսի 26-ին, ժամը 19:00 Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, այն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:
Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:
Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, օգտագործել բացառապես ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ ... ), որպեսզի մեր կարևոր ներդրումն ունենանք հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում:
«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում: Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Տավուշում՝ Բերդի հրապարակում:
Փառատոնի բացօթյա լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը: Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:
Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, թվով 400 և ավել մասնակից-արտիստ: Այս տարի Փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/ , «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին» խմբերը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Փառատոնին՝ իր կարևոր մասնակցությունն է ունենալու նաև Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը: