25/08/2023 22:50
ՀՀ իշխանություններին խնդրել են պարզաբանել Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքն արգելելու որոշման դրդապատճառները
Ռուսական կողմը տարակուսած է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության նախկին ղեկավար, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան արգելելու փաստից, «Ռիա Նովոստի»-ին ասել է դիվանագիտական իր աղբյուրը։
«Ըստ առկա տեղեկությունների, ՀՀ իշխանությունները չեն բացատրել Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր մերժելու պատճառները»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը՝ հավելելով, որ Կրիվոպուսկովը Երևան էր այցելել՝ մասնակցելու Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության բացման արարողությանը։
«Ռիա Նովոստի»-ի դիվանագիտական աղբյուրը շեշտել է նաև, որ Վիկտոր Կրիվոպուսկովը իր գործունեության ընթացքում միշտ հանդես է եկել հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու տեսանկյունից, իսկ նրա ներդրումը բարձր է գնահատվել Հայաստանում։
«Հայ գործընկերներին արդեն խնդրել են պարզաբանել իշխանությունների այս որոշման դրդապատճառները և ՌԴ քաղաքացու կարգավիճակը՝ հանրապետության սահմանապահ ծառայության տեսանկյունից։
Ցավոք, Ռուսաստանի հայտնի քաղաքական, հասարակական գործիչների, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ Երևանի կողմից կիրառվող սահմանափակումները դառնում են արատավոր պրակտիկա, որն ուղղված չէ երկկողմ հարաբերությունների զարգացմանը», - «Ռիա Նովոստի»-ին ասել է դիվանագիտական աղբյուրը։