25/08/2023 19:51
Արայիկ Հարությունյանն ազատվում է Արցախում իր բիզնեսներից․ պատրաստվում է փախչե՞լ («Փաստինֆո»)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ազատվում է Արցախում իր ունեցած բիզնեսներից։ «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրներն ասում են՝ վերջին օրերին մասսայաբար գլխատվում են Արայիկ Հարությունյանին պատկանող ցեղական տեսակի կաթնատու կովերը, որոնց միսն, ըստ էության, նախընտրելի չէ սննդում օգտագործելու համար, որովհետև տվյալ ցեղատեսակի անասունները հենց կաթնատու են, դրանց միսը դժվարամարս է։
Նույն աղբյուրը վկայում է՝ նախագահ Հարությունյանի ավագ դուստրերն՝ իրենց ընտանիքներով հանդերձ, վաղուց արդեն Արցախում չեն։
Իսկ այսօր, ավելի վաղ համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, թե Հարությունյանի կինը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, կրտսեր աղջիկն էլ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցից է դուրս եկել, որտեղ հաճախում էր։
Աղբյուրը, սակայն, հավելում է՝ խոսակցություններ, թե Արայիկ Հարությունյանը առաջիկայում հրաժարական է տալու կամ հեռանալու է պաշտոնից, այս պահի դրությամբ, Արցախում չկան։ Վերջինս նկատում է՝ Արայիկ Հարությունյանի բիզնեսների հետ կապված նոր զարգացումներն առնվազն փախուստի նախապատրաստման տպավորություն են թողնում։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանի մամուլի ծառայությունից, սակայն ապարդյուն. կապ հաստատել չի հաջողվել։