25/08/2023 22:20
«Համբույրը սեռական բռնություն չէ»․ Լուիս Ռուբիալեսը չի պատրաստվում հրաժարական տալ
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ Իսպանիայի կանանց հավաքականի ավագ Ջենիֆեր Հերմոսոյին համբուրելու պատճառով։
«Ուզում եմ ներողություն խնդրել Հերմոսոյից, թիմից, ֆեդերացիայից, թագավորական տնից։ Այդ համբույրը սպոնտան էր, փոխադարձ՝ աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո տիրող էյֆորիայի ֆոնին։ Բայց ինձ փորձեցին տեղեկատվական դաշտում «սպանել», մենք բախվեցինք կեղծ ֆեմինիզմի դրսևորումների, շատերն այդ համբույրը որպես սեռական բռնություն ներկայացրին, և ես պատրաստվում եմ միջոցներ ձեռնարկել այդ մարդկանց նկատմամբ։ Կարծում եք՝ հրաժարակա՞ն պիտի տամ։ Ոչ, չեմ հեռանալու»,- ասել է Ռուբիալեսը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Աղմուկ հանած միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին։ Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին և առաջին անգամ նվաճել կանանց աշխարհի գավաթը։ Պարգևատրման արարողության ժամանակ Ռուբիալեսը մեդալը հանձնել է Իսպանիայի կանանց հավաքականի ավագ Հերմոսոյին և համբուրել նրա շուրթերը։
Տեղի ունեցածից հետո մամուլն ու ակտիվիստները մեծ աղմուկ են բարձրացրել, Իսպանիայի սպորտի և մշակույթի նախարարը Լուիս Ռուբիալեսից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել։ Օգոստոսի 24-ին էլ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարգապահական գործ էր հարուցել Ռուբիալեսի նկատմամբ։