25/08/2023 21:13
Թուրքիան բացարձակ շահագրգռվածություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու. Հայտարարությունները զիջումներ կորզելու համար են․ Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շահագրգռվածություն չունի, հարաբերությունները կարգավորելու մասին իր հայտարարությունները Հայաստանից զիջումներ կորզելու համար են, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես է գնահատել գործընթացը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, և Հայաստանը կարող է իրականությունն արտահայտող փաստեր ներգրավելով՝ խոչընդոտել, որպեսզի Թուրքիան իր երազանքն իրականացնի։ Ոչ, Թուրքիան բացարձակ շահագրգռվածություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Տնտեսական առումով Հայաստանը Թուրքիայի համար հետաքրություն չի ներկայացնում, որովհետև շուկան շատ փոքր է, ռազմական առումով Հայաստանը վտանգ չի ներկայացնում, և այլն։ Ուղղակի Թուրքիան օգտագործում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին իր հայտարարությունները Հայաստանից զիջումներ կորզելու համար»,- ասել է թուրքագետը։
Նա հավելել է՝ տասնյակ հանձնախմբեր են ստեղծվել անցած տարիների ընթացքում, որոնք ուսումնասիրել են, թե Հայաստանին ինչ օգուտ կարող է տալ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը։
«Ավելի մեծ թվով մասնագետների հիմնական եզրակացությունն այն է, որ դա որոշ չափով կարող է խթանել Հայաստանի տնտեսությունը։ Բայց այստեղ այլ հարց կա՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ ունենալ, այսինքն՝ սահմանը բաց պահել, որովհետև դա վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Թեպետ չեմ կարծում, որ մոտակա տարիներին դա իրականություն դառնա, բայց եթե հանկարծ դառնա, Հայաստանը պետք է պատրաստ լինի իր անվտանգությունը պաշտպանելու թուրքական ներխուժումից։ Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենք օրինակ։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաթումում, շրջակայքում, ըստ էության, թուրքական փափուկ ուժի միջոցով ներթափանցումն է՝ այդ տարածաշրջան»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը։
Սա, նրա գնահատմամբ, ռեալ վտանգ է, բացի այդ, այլ տարբեր գործողություններ նպատակ ունեն թուլացնել մեր պետականությունը․
«Եվ դրանք կկատարվեն թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Թուրքիան իր երկու պահանջները հայտնել է, այժմ սպասում է, որ Հայաստանը կատարի»։
Ակադեմիկոս թուրքագետի փոխանցմամբ՝ այդ պահանջները հայտնի են՝ Հայաստանը պետք է պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանի պահանջների հիման վրա, և երկրորդը «Զանգեզուրի միջանցքն» է։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում