25/08/2023 19:08
«Տիրապետել խոսքի արվեստին»․ Ալեն Սիմոնյանը դպրոցականներին սովորեցնում է՝ որն է քաղաքական գործիչների պատասխանատվությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ, տեղեկացնում են ԱԺ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս:
«Ձեռքբերումներ ունենալու համար լինել նպատակասլաց, զինվել գիտելիքներով, չկոտրվել ձախողումներից եւ տիրապետել խոսքի արվեստին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Պատասխանելով պատանիների հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ելույթների տեսակներին եւ դպրոցական գիտելիքների այն անհրաժեշտ պաշարին, որը հետագայում զարգացնելու դեպքում քաղաքական գործիչը կարող է լավ հռետոր դառնալ եւ ազդեցիկ ելույթներ ունենալ: Ալեն Սիմոնյանն աշակերտներին խորհուրդ է տվել ելույթ գրելիս հիմնական ասելիքը թողնել վերջում, որովհետեւ մարդիկ ավելի տպավորվում են կարեւոր միտքը վերջում լսելիս: Նա առաջարկել է հեռու մնալ մեջբերումներից եւ ունենալ սեփական մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարը հավելել է՝ ասելիքը տեղ հասցնելու ճանապարհին ամենակարեւորը մարդկանց աչքերին նայելն է՝ հասկանալու համար՝ արդյոք ամբողջապես ընկալվե՞ց ասվածը, թե՞ ոչ:
Աշակերտները բազում հարցեր են ուղղել համայնքային խնդիրների, օրենսդրական նախաձեռնությունների եւ ԱԺ նախագահի լիազորությունների մասին: Հարցեր են հնչել նաեւ պատանդի կարգավիճակում գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի ճակատագրի, կնքման դեպքում խաղաղության պայմանագրից սպասելիքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման ուղիների, տնտեսական բլոկում իրականացվող հեռանկարային քայլերին»: