25/08/2023 16:35
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մոտ 300 իրանական ընկերություն է բացվել․ Քերոբյան
Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Իրանի 7 ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքներն են ներկայացնում եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում, որը բացվել է Երևանում։
Ցուցահանդեսում առանձին տաղավարներով ներկայացված են զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, մեքենաշինության և տեքստիլ ոլորտների ընկերությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց` ցուցահանդեսի միջոցով հնարավոր կլինի նորովի բացահայտել Իրանի հնարավորությունները հայ ներդրողների համար և Հայաստանի հնարավորությունները` իրանցիների համար։
«Չնայած նախորդ երկու տարում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, սակայն աճի տեմպը դանդաղում է, և պետք է գտնել նոր հնարավորություններ` երկկողմ շրջանառությունը հասցնելու այն թիրախներին, որը նախանշվել է երկու երկրների ղեկավարների կողմից, այն է` 3 մլրդ դոլարի։ Հիմա մոտ 800 մլն դոլար տեմպի վրա ենք գտնվում, որը շատ ավելի քիչ է, քան նախանշել են երկրների ղեկավարները։ Մենք տեսնում ենք, որ ազատ առևտրի գոտիների միջոցով համագործակցությունը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառությանը»,- նշեց նախարարը:
«Իրանը և Հայաստանը ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, մեր տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել այն հասցնել մինչև 3 մլրդ դոլարի»,- նշեց դեսպանը։
Նրա համոզմամբ՝ ազատ գոտիների առկայությունը մեծ դերակատարություն ունի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով, և ցուցահանդեսը կնպաստի երկկողմ հարաբերությունների դիվերսֆիկացմանը:
Իրանի նախագահի խորհրդական, Իրանի ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին նշեց՝ սա Հայաստանում կազմակերպված առաջին միջոցառումն է, որտեղ ներկայացված են 7 ազատ գոտիները:
Նա ընդգծեց Իրանի ազատ գոտիների մի շարք առավելությունները, որոնք են՝ զարգացված ենթակառուցվածքների առկայությունը, տարբեր շուկաների հետ կապ հաստատելու հնարավորությունը, մաքսային արտոնությունները և այլն: Նրա խոսքով՝ ազատ գոտիներում ներդրողներ ունեն Չինաստանից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Բելգիայից, Իրաքից, Հայաստանից, ԱՄԷ-ից։ Նրա համոզմամբ՝ Իրանի ազատ գոտիներում ներդրումներ անելը շահութաբեր է: