25/08/2023 19:37
Երկիրը վտանգի տակ է, պատերազմն՝ անխուսափելի․ ինչպե՞ս կարող եմ մտածել դատախազություն հրավերի մասին. Գագիկ Ծառուկյան
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ տեղեկությանը, թե ինքը, որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլյա Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ հրավերին, Ծառուկյանը պատասխանեց.
«Ինչպե՞ս պետք է վերաբերվեմ։ Ոչ մի կերպ էլ չեմ վերաբերվում։ Փաստաբանը գնացել, ծանոթացել, ներկայացրել է անհրաժեշտ թղթերը, փաստերը, հիմքերը։
Իմ ծնողները միշտ աշխատել են, հիմա էլ խորը ծերության մեջ՝ աշխատում են։ Հայրս ամեն առավոտ ժամը 7-ին տան դուռը բացում է, գնում է իր համար զբաղվելու, բերք ու բարիք ստեղծելու իր թոռնիկների, իր բալիկների համար։ Մայրս էլ առավոտյան 9-ին գնում է իր գործին, տնօրինում է մի քանի ոլորտ, արժանապատիվ պահում, զարգացնում է, ներկայացնում ամբողջ աշխարհին, բարեգործություն է կատարում։ Մեր ընտանիքում մեծից փոքր բոլորն աշխատում են։ Մենք աշխատող ընտանիք ենք», - ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, որ 1989 թ-ց աշխատել, ստեղծել է, երկրում ներդրումներ է արել. «Ի՞նչ է նշանակում՝ ապօրինի հարստացում․ եթե ես գործարաններ եմ կառուցել, որ մարդիկ աշխատում են, արտադրանք ենք տալիս, արտահանում ենք, մարդիկ արտագաղթի ճանապարհից են վերադարձել, դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի եմ կառուցել։ Օրենքի ցավը տանեմ, օրենքը վերաբերում է բոլորին։ Ես ասում եմ՝ ամեն ինչ բաց է, պատրաստ ենք ցանկացած թուղթ ցանկացածին ներկայացնել»։
Նա նաև նշեց․ «Երկիրը վտանգի տակ է, պատերզամն՝ անխուսափելի, 120 հազար մեր հայրենակիցներ Արցախում սնվելու, գոյատևելու խնդիր ունեն, ու այդ պայմաններում ինչպե՞ս ես կարող եմ այդ ամենը թողած՝ ուրիշ բանի մասին մտածել»։
«Լուրջ խնդրի առաջ ենք կանգնած», -հավելեց Ծառուկյանը։