25/08/2023 09:49
«Ժողովուրդ». Ինչու կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերն ընդհանրապես չեն բարձրացվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նախագահ չունի: Այս հաստիքը թափուր է դեռ անցյալ տարվանից: Կոմիտեն, սակայն, ունի աշխատակազմ, պետբյուջեից էլ գումար է ստանում: Ուսումնասիրելով այս կառույցի գործունեությունը՝ տեսնում ենք, որ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին կոմիտե է այցելել, որից հետո այս կառույցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:
Վարչապետի այցից հետո առկա է ընդամենը երկու հաղորդագրություն, որից մեկը հուլիսի 10-ից 14-ը Երևանում տեղի ունեցած «2-րդ և 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատման կիրառումը» խորագրով աշխատանքային հանդիպման մասին է, իսկ մյուսն էլ 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին hամաձայնագրին է վերաբերում: Հետաքրքիր է` ինչու կառավարությանն առընթեր այս մարմինը կես տարուց ավելի է՝ ղեկավար չունի:
Կադրային խնդի՞ր է, թե՞ անուշադրության են մատնում այս կարևորագույն առաքելությամբ կառույցը: 2022 թվականի բյուջեով Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321 մլն դրամ: Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես»։