25/08/2023 16:20
Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության գործով ձերբակալվել է 61-ամյա համաքաղաքացին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
2023 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:15-ին, «Ալավերդի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող երկու վերքեր» ախտորոշմամբ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի ճոպանուղու մոտակայքից շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել նույն քաղաքի 46-ամյա բնակիչը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս նշված վնասվածքները ստացել է իր ծանոթի տանը հացկերույթի ժամանակ` իր եւ մասնակիցներից մեկի՝ 61-ամյա համաքաղաքացու միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում: Վերջինս իր մոտ եղած դանակով չորս անգամ հարվածել է 46-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նույն օրը՝ ժամը 15:43-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հիշյալ տղամարդը մահացել է:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: 61-ամյա տղամարդը ձերբակալվել է եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական եւ վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։