26/08/2023 22:22
Դեմքի մկանների նյարդերի ախտահարում (կաթված). Առաջացման պատճառներն ու բուժումը
Դեմքի ծռվածության ժամանակ մի կողմի թուլացման պատճառով դեմքը դառնում է ոչ սիմետրիկ, ինչը նաև կարող է ուղեկցվել աչքերի կամ բերանի շարժունակության խանգարմամբ:
Հաճախ դեմքի ծռվածությունն ինքնուրույն անցնում է, սակայն որոշ դեպքերում կարող է լինել մեկ այլ, ավելի ծանր հիվանդության ախտանիշներից մեկը, ինչպիսին է ինսուլտը:
Ինսուլտի դեպքում դեմքի ծռվածությունն ի հայտ է գալիս հանկարծակի և հաճախ ուղեկցվում մարմնի մի կեսի մկանների կաթվածով կամ թուլացմամբ:
Դեմքի ծռվածությունն առաջանում է, երբ առկա է դեմքի մկանների նյարդերի ախտահարում կամ վնասում: Նյարդի ախտահարումը կարող է կրել ժամանակավոր կամ կայուն բնույթ: Ծռվածություն կարող է զարգանալ նաև գլխուղեղի այն շրջանի ախտահարման պատճառով, որը նյարդային ազդանշաններ է ուղարկում դեպի դիմային մկաններ:
Երբեմն դեմքի ծռվածությունը դրսևորվում է դեմքի մի կեսի միայն ստորին շրջանների սահմաններում, այլ դեպքերում՝ ամբողջ մի կեսում: Դեմքի ծռվածություն առաջացնող պատճառը կարող է ազդել նաև ակնագնդերի շարժունակության, բերանի գործունեության կամ կլման վրա:
Եթե առողջական այլ խնդիրներ առկա չեն, դեմքի ծռվածության ամենահաճախ հանդիպող պատճառը Բելի պարալիզն է: Այն զարգանում է, երբ դեմքի նյարդերից մեկնումեկը բորբոքվում է: Նյարդի բորբոքումն ունի վիրուսային ծագում և սովորաբար ինքնուրույն լավանում է, սակայն դեմքի ծռվածությունը կարող է շարունակվել 3-9 ամիս:
Դեմքի ծռվածության մեկ այլ պատճառ գլխուղեղի ուռուցքն է: Այս դեպքում դեմքի ծռվածությունը սովորաբար զարգանում է դանդաղորեն և ուղեկցվում այլ ախտանիշներով, ինչպիսիք են գլխացավերը, ցնցումները կամ լսողության կորուստը:
Երբեմն դեմքի ծռվածություն կարող է ի հայտ գալ նորածինների մոտ, որի պատճառը գլխուղեղի տրավման է, ներարգանդային զարգացման շեղումները կամ հազվադեպ հանդիպող ժառանգական համախտանիշները:
Դեմքի ծռվածության այլ պատճառներից են գլխուղեղի վարակները և դիմային նյարդը ճնշող ուռուցքները:
Բուժումը կախված է պատճառից, որն ախտարոշելու համար բժիշկը կզննի դեմքը, աչքերը, կստուգի տեսողությունը, լսողությունը, խոսքը և կլման ակտը, ինչպես նաև կնշանակի որոշ հետազոտություններ, ինչպիսիք են արյան թեստերը, նյարդամկանային հաղորդականության ստուգման կամ պատկերման հետազոտությունները և այլն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։