26/08/2023 09:45
«Փաստ». Ռուբեն Վարդանյանը վերջնական «կնիք» է դրել «Ապրելու երկիր» կուսակցության հետ իր առնչության թեմայի վրա
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկն աչքի ընկավ ոչ միայն քաղաքական ուժերի կարգախոսների ներկայացմամբ ու խոստումների տեղատարափով, այլև որոշակի «բացահայտումներով»: Ինչպես հայտնի է, ստեղծման օրվանից «Ապրելու երկիր» կուսակցությունն ասոցացվել է գործարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: Սակայն Վարդանյանն ինքը ո՛չ կուսակցության ղեկավարն է, ո՛չ էլ նույնիսկ կուսակցության շարքային անդամ, թեպետ ոչ մեկ անգամ նշել է, որ ինքը ուրախ է «կուսակցության, Մեսրոպի և Մանեի հետ համագործակցելու համար, որովհետև գաղափարների շուրջ ենք, օրինակ՝ ոնց ենք մենք տեսնում Հայաստանը»:
Եվ ահա, ընտրությունների քարոզարշավի մեկնարկին Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ փաստացի վերջնական «կնիք» է դրել այդ կուսակցության հետ իր առնչության թեմայի վրա: «Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել «Ապրելու երկիր» կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլ յանին։ Մեսրոպ Առաքելյանին ու Մանե Թանդիլյանին ճանաչում եմ որպես Արցախի իսկական նվիրյալների, որոնք, ինչպես և ես, պատրաստ են զոհել ամեն ինչ, եթե պետք է՝ կյանքը տալ հանուն Արցախի։
Հանուն Արցախի նշանակում է՝ նաև հանուն Հայաստանի ու հանուն հայ ազգի»,-գրել է Վարդանյանը, որը նաև Արցախից տեսակապով ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին: Շատերի կարծիքով, այս բացահայտ դիրքավորումը մեծ օգնություն է «Ապրելու երկիր» կուսակցությանն ու Մանե Թանդիլյանին ու ինքնին կարող է էապես ազդել ընտրական պրոցեսում ուժերի «ռասկլադի» վրա՝ հաշվի առնելով Վարդանյանի անձը, հեղինակությունը, ճանաչումը, ինչու չէ՝ նաև ռեսուրսները»։