26/08/2023 19:43
Աշխարհազորի գլխավոր խնդիրն արտաքին թշնամու դեմ պայքարն է, և այն մարդիկ, ովքեր փորձում էին այդ կառույցը ծառայեցնել անձնական շահերին, ձախողվեցին․ Տիգրան Աբրահամյան
Արցախի աշխարհազորի հրամանատարը կրկին հանդես է եկել տեսաուղերձով, որում սրբագրել է իր այն հայտարարությունները, որոնք հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Խնդրահարույց մեկնաբանությունները Կարեն Մաթևոսյանը բացատրել է նրանով, որ ինքը քաղաքական գործիչ չէ և քաղաքական հարցերի հետ կապված կարող է սխալներ թույլ տալ:
Մաթևոսյանը նշել է, որ որևէ քայլ չի անի պետության և պետականության դեմ, ու իր պայքարը հանուն Արցախի պաշտպանության է:
Աշխարհազորի հրամանատարը նաև նշել է, որ եթե Արցախի գործող նախագահը չի կարողանում մեկ սեղանի շուրջ համախմբել բոլոր դերակատարներին, միգուցե ճիշտը նրա հրաժարականն է:
Տեսաուղերձում ակնարկներ կան այն մասին, որ որոշ դեմքեր Արցախում փորձել են իր խոսքերը խեղաթյուրել և առանձին գործիչների դեմ ուղղել, նույնիսկ հասարակությանը վախեցնել, սակայն, ըստ Մաթևոսյանի, աշխարհազորը ծառայում է ժողովրդին, և որևէ մեկն իրենց չի կարող ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշել:
Կուլիսներում նաև տեղեկություններ կան այն մասին, որ Կարեն Մաթևոսյանին, նախնական փուլում, սխալ տեղեկություններ են ներկայացվել ներքաղաքական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, որն ավելի ուշ ճշտվել է:
Ինչևէ, Արցախում` բոլոր առումներով այս ծանր պահին, Մաթևոսյանի վերջին ուղերձը որոշակիորեն լիցքաթափել է այն լարվածությունը, որը ստեղծվել էր առաջին ուղերձից հետո, մյուս կողմից՝ այսպիսի գործընթացները հետևանք են իշխանության` հանրության, քաղաքական հիմնական ուժերի և դերակատարների հետ սխալ, ոչ անկեղծ հաղորդակցության:
Աշխարհազորի գլխավոր խնդիրն արտաքին թշնամու դեմ պայքարն է, և այն մարդիկ, ուժերը, ովքեր փորձում էին այդ կառույցը ծառայեցնել իշխանության պահպանման, նեղ անձնական շահերի կամ իշխանության գալու համար, ձախողվեցին»,- եզրափակել է Տիգրան Աբրահամյանը: