26/08/2023 16:26
Լաչինում անցակետ դնելով՝ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը․ Ալիև
«Ապրիլի 23-ին Լաչինում սահմանային անցակետ դնելով՝ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ասել է, որ դրանից հետո հայկական կողմը դիմել է միջազգային հանրությանն ու միջազգային կառույցներին, և «Ադրբեջանի նկատմամբ ճնշումներն այդ խնդրի շուրջ առ այսօր շարունակվում են», սակայն, ինչպես հոխորտացել է Ադրբեջանի նախագահը, ոչ ոք իրենց չի կարող ստիպել «հետ կանգնել այն ուղուց, որով ընթանում են»։
«Ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել մեր ճանապարհից։ Ապրիլի 23-ին մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Սահմանային անցակետի տեղադրումը նշանակում է մեր տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնում, մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակում, մենք պաշտպանում ենք մեր տարածքները»,- հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք՝ 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ այնտեղ ապօրինի կերպով տեադրելով անցակետ: