26/08/2023 21:47
Արցախի ոստիկանությունը հաստատեց՝ Վերածննդի հրապարակից բերման ենթարկվածներ կան
Oգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում, Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ.Մ.-ն (ծնված 1989թ.) և Խ.Հ.-ն (ծնված 1991թ.), Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարաված ռազմական դրության պայմաններում, օրենքով (հոդված` 235) սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անց են կացրել հավաք, հայտնում են Արցախի ոստիկանությունից։
«Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն: Փաստի առթիվ Ստեփանակերտ քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ aysor.am-ը հայտնել էր, որ արցախցի Դավիթ Մինասյանը, որը սոցցանցում նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այսօր կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա այսօր սոցցանցի ուղիղ եթերում խոսել էր Արցախում տիրող աղետալի իրավիճակի մասին և կոչ էր արել երեկոյան հավաքվել Վերածննդի հրապարակում։