26/08/2023 09:47
«Հրապարակ». «Մուտքն արգելելով՝ չեն կարողանալու մարդկանց բերանը փակել, նրանց ստիպել՝ չքննադատել իշխանությանը». Կրիվոպուսկով
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 24-ին «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր արգելվել է հենց օդանավակայանում։ Վերջինս սա համարում է ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիների հանդեպ ահաբեկչության ռիսկ, քանի որ իր կազմակերպությունը նաև նրանց շահերն է ներկայացնում։ Սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, ով կյանքի 2/3-ն անցկացրել է Հայաստանում, վիրավորված է։
«Ես ծնունդով Ռոստովից եմ։ Իմ կյանքը կապված է Հայաստանի հետ, հայոց պատմությունն ինձ վաղուց է հետաքրքրել, և ինձ Հայաստան չթողնելու ոչ մի առիթ չկար։ Սա աննախադեպ փաստ է։ Ինձ համար սա բացարձակ անհասկանալի է։ Այդպես կարող է անել միայն մարդը, որը չգիտի ու չի գնահատում իր պատմությունը և հայ-ռուսական հարաբերությունների դարավոր պատմությունը»,- մեզ ասաց նա։
Կրիվոպուսկովը նախապես տեղեկացված չի եղել, որ իր մուտքն արգելված է, իմացել է սահմանապահներից։ «Այդ աշխատողն ինձ ասաց, որ անցնեմ առանձնասենյակ և սպասեմ՝ մինչև բոլոր հանգամանքների պարզումը։ Սա տևեց 4 ժամ։ Հետո ինձ տեղեկացրեց, որ իմ մուտքն արգելվում է՝ ՀՀ կառավարության որոշմամբ, որ ես համարվում եմ «պերսոնա նոն գրատա» Հայաստանի համար»։ Նրան բացատրություն չի տրվել, դրա կարիքը չկա էլ, քանի որ հին դիվանագետ է և կեղծ բացատրությունների կարիք չունի։ «Միայն անգրագետը կարող է չհասկանալ իմ առաքելությունը, իմ գործունեությունը Հայաստանում, որը չի կարդացել իմ «Խռովահույզ Ղարաբաղը» և որը կատարում է Սորոսի ծրագիրը: Բայց պետք է նրանք հասկանան, որ մուտքն արգելելով՝ չեն կարողանալու մարդկանց բերանը փակել, նրանց ստիպել՝ չքննադատել իշխանությանը»»։