26/08/2023 09:37
«Ժողովուրդ». Իշխող ուժը ողջ կուսակցական ու պետական ռեսուրսները կկենտրոնացնի քարոզարշավի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանգստյան օրերին՝ շաբաթ ու կիրակի, ամբողջ թափով քարոզարշավ կանի. իշխող ուժը ողջ կուսակցական ու պետական ռեսուրսները կկենտրոնացնի քարոզարշավի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա երկու օրերին, բացի պատգամավորներից և ավագանու ցուցակի անդամներից, նաև պետական ողջ ապարատը կլծվի քարոզարշավին, քանի որ ոչ աշխատանքային օրեր են, ու պետական աշխատողները սահմանափակված չեն քարոզարշավին մասնակցելու:
Իշխանությունն էլ հրահանգել է պետական կառույցների ղեկավարներին, որպեսզի ամեն ոչ աշխատանքային օրերին իրենց աշխատակիցներին ևս ակտիվ մասնակից դարձնեն քարոզարշավին: Ըստ ԸՕ-ի՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։
Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։
Նկատենք, որ այսօր արդեն քարոզարշավի 4-րդ օրն է, բայց ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերից միայն չորսը՝ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հաղթանակ»-ը, «Մայր Հայաստանը», «Ապրելու երկիր»-ն են, որ ակտիվ քարոզարշավ են անում. մյուս ուժերը սահմանափակվում են միայն քննարկումներով ու փակ հանդիպումներով»։