27/08/2023 19:15
Ի գիտություն հողօգտագործողների․ Արցախի կառավարությունը պատրաստ է մթերել ցորենի բերքը
Ի գիտություն ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողների` Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ եթե ունեն ցորենի պահեստավորված բերք, ապա ԱՀ կառավարությունը պատրաստ է գնել այն շուկայական գնով՝ անկախ քանակից:
Ինչպես նշել են գերատեսչությունից` մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են, ուստի հողօգտագործողներին կոչ են անում անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել իրենց կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով:
Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները:
«Հորդորում ենք համայնքների ղեկավարներին հավաքագրել և ամբողջացնել իրենց համայնքում առկա ցորենի պաշարների մասին տեղեկությունները և ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի ցորենի տեղափոխման հարցը:
Հարգելի համայնքի ղեկավարներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն ակտիվություն, հետևողականություն և պատասխանատվություն խնդրի կարգավորման հարցում՝ հացի ճգնաժամը ժամ առաջ որոշ չափով թեթևացնելու մեջ ունենալով ձեր ներդրումը»,- ասված է Գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարության մեջ։