28/08/2023 09:50
Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը վերածել է համակենտրոնացման ճամբարի, վերջնական նպատակը հայ բնակչության ցեղասպանությունն է․ Կամո Աթայան
Կոչս ուղղում եմ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը՝ ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենին, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնին, աշխարհի պետությունների ղեկավարներին ու առաջադեմ մարդկությանը.
Հարգելիներս, 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում երևույթ, որն իր ընթացքով, կիրառվող մեթոդներով, դաժանությամբ և գործիքակազմով ավելի հարիր է միջնադարին ու 2-րդ համաշխարհայինի տարիներին Օսվենցիմ մահվան ճամբարում ֆաշիստական Գերմանիայի գործելակերպին և ձեռագրին: Խոսքը գնում է 2022թ. դեկտեմբերի 22-ից Ադրբեջանի կողմից սկսված Շուշիի ճանապարհի, իսկ հետո Լաչինի հայտնի միջանցքի շրջափակմանը որի հետևանքով բացարձակ բլոկադայի է ենթարկված ոչ թե մի ամրոց, բնակավայր, գյուղ, քաղաք, այլ մի ամբողջ հանրապետություն, որը 1991-ին հռչակված, բայց դեռևս աշխարհի կողից չճանաչված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունն է…
Մեր լուսավոր դարում «թուրք եղբայրների» կողմից իրականացվող հակամարդկային, հակաքաղաքակրթական հանցավոր արարքը նրա համար է, որ Արցախի ժողովուրդը հրաժարվի իր ազնիվ ու օրինական պետականաստեղծ քայլերից․ մասնավորապես, տասնամյակներ առաջ, հենվելով նախկին ԽՍՀՄ սահմանադրության և միջազգային իրավունքի գործող նորմերի վրա, որոշել է 1923 թվականից արհեստականորեն Ադրբեջանի ԽՍՀ-ին միացված ԼՂԻՄ-ի սահմաններով անկախանալ ու այդ նպատակով 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կազմակերպել է հանրաքվե, որին քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ԱՅՈ է ասել: Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախի Հանրապետությունը, թեկուզ չճանաչված, սակայն բնականոն զարգանում էր՝ սպասելով ինքնորոշման անքակտելի իրավունքով իր ճանաչմանը, որը պետք է իրականանար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ, իսկ վերջինս 2008-2009 թվականներին արդեն մշակել էր հայտնի Մադրիդյան սկզբունքները, որն, ի դեպ, պետք է բացառեր նաև ուժի կիրառումը…
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչպես բոլորիտ հայտնի է, ադրբեջանաթուրքական տանդեմը կամ դուետը, որը բացարձակապես չի ճանսաչում և չի հարգում միջազգային իրավունքի կարևորագույն՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և ավելի քան մեկդարյա վաղեմության Արցախի խնդիրը համարում է լոկ տարածքային վեճ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, խախտելով ուժի չկիրառման կարևոր դրույթը, լայնորեն օգտագործելով ահաբեկիչների, Քովիդի համաճարակի պայմաններում պատերազմ սկսեց չճանաչված ժողովրդավար պետության դեմ և տեսնելով աշխարհի, ՄԱԿ-ի ,ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդուժող , անտարբեր վերաբերմունքը, գրավեց Արցախի հանրապետության տարածքի ավելի քան 75 տոկոսը՝ ծվատելով, բզկտելով երիտասարդ հանրապետության արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սեփականացնելով նրա պատմամշակութային գերհարուստ միջավայրը, նրանից խլելով հազարավոր երիտասարդ կյանքեր ու հասնելով Արցախի սրտին՝ հինավուրց հայկական կրթամշակութային կենտրոն Շուշիին: Միայն ռուսական միջամտությամբ և նոյեմբերի 9/10 -ի հակահայ հայտարարության հենքով պատերազմական ակտիվ գործողությունները դադարեցվեցին…
Թվում էր, թե մի քանի տարի իմ բազմաչարչար հայրենիքում կհաստատվի խաղաղություն, կսպիանան արնածոր վերքերը, և այդքան զրկանքներից ու տառապանքներից հետո միակ օրինական միջազգային հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինքնորոշման հենքի վրա վերջնական իրավական լուծում կգտնի Արցախի համար: Չէ ՞ որ հեռավոր 1994-ին նույն Ադրբեջանն էր գտնվում թույլ ու պարտված վիճակում, բայց հզոր մարտունակությամբ և պայքարի ոգով օժտված հայկական ուժերը համաձայնեցին ու 1994 թվականի մայիսի 12-ի Բիշքեկի հայտնի արձանագրությամբ պատերազմը դադարեցվեց, և «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» հեղհեղուկ վիճակը մոտ 26 տարի տարածաշրջանում պահպանվեց…
Մոլորակի վրա նոր, գլոբալ աշխարհքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, ընթանում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, ու բազմաթիվ տաք գլուխներ ուզում և հովանավորում են, որ արցախաադրբեջանական փխրուն զինադադարը ևս վերաճի տաք պատերազմի՝ նոր պատերազմով հնարավորինս վախեցնելով ու ահաբեկելով ՀՀ գործող թույլ իշխանություններին, որոնք փաստացի անտեր վիճակում են թողել Արցախի ավելի քան 8 ամիս շրջափակված հայ բնակչությանը: Արցախում վիճակը բառիս բուն իմաստով օրհասական է, արդեն կան սովամահության դեպքեր ու դրանք կավելանան, և ընդհանրապես, ի՞նչ առողջական վիճակ կունենա այն տարածքի բնակչությունը, որն ավելի քան 8 ամիս իր կերակրացանկում ունի միայն հաց, այն էլ, եթե կարողանա հայթայթել…
Շուտով աշխարհի շատ երկրներում, ավանդաբար, նաև մեզ մոտ, կսկսվի նոր ՝ 2023-24 ուսումնական տարին, որը յուրահատուկ տոն պետք է լիներ նաև Արցախի ավելի քան 30 000 սովորողների համար, բայց կլինի՞ այն այդպիսին, կկարողանա՞ն հյուծված մարմիններով, նվազ առողջությամբ, թույլ ինքնազգացողությամբ, սոված, բազմաթիվ հոգեբանական ճնշումների ենթարկված երեխաները և նրանց ուսուցիչները սկսել ուսումնական տարին։ Չէ՞ որ տրանսպորտային ոչ մի միջոց Ստեփանակերտում և մնացած բնակավայրերում չի գործում: Նույնիսկ դժվարություններ կլինեն հեռավար կրթության կազմակերպման գործում, քանզի «ինտեգրման» սպասող Ադրբեջանը վաղուց կտրել է նաև Արցախի էլեկտրա և գազամատակարարումը, իսկ կապը, համացանցը և ողջ տեղեկատվական համալիրը աշխատում են ընդհատումներով…
Մոլորակի ճակատագիրը տնօրինող հարգելի ՛այրեր, իմաստ չեմ տեսնում տեքստում այլ մանրամասներ բերելու, քանզի համոզված եմ, որ դրանց տիրապետում եք ու ցանկության դեպքում ավելի խորը կարող եք տիրապետել…
Խնդրանքս՝ որպես Արցախի և աշխարհի քաղաքացի, պահանջս, ցանկությունս այն է, որ վերջապես արդար լուծում տրվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրին (ի դեպб Արցախը շատ շատ ավելի հին է` որպես պետական կազմավորում, քան Ադրբեջանը, և այն պատմական ոչ մի հատվածում «Ադրբեջանի Հանրապետության» կազմում չի եղել), միայն դրանով կարելի է բացառել նոր, վերահաս ցեղասպանությունը…
Ստեղծված օրհասական վիճակը հուշում է, որ Արցախի Հանրապետությունն անհապաղ պետք է ճանաչվի՝ նախկին իրավաքաղաքական և վարչական միավորի՝ ԼՂԻՄ-ի տարածքով՝ այն ժամանակավորապես հանձնելով ՄԱԿ-ի խնամակալությանը: Միայն այդպիսի քայլերով կարելի է Արցախի հայ ժողովրդին փրկել վերահաս նոր ցեղասպանությունից, որի հեղինակները, ձեռագիրը նույնն են, ինչ 1915-ին, միայն փոխվել են մեթոդները և գործիքները՝ շրջափակումը, սովը, հիվանդությունները և մեր ծերացած, հոգնած, հակադրություններով լեցուն մոլորակը արեգակի շուրջ այդ ընթացքում կատարել է ևս 108 պտույտ, իսկ Ադրբեջանի ընդերքում հայտնաբերվել են նավթի ու գազի հզոր պաշարներ…