28/08/2023 10:08
Գործե՛ք, Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան. Գյումրու ճանապարհին ողբերգական վթարից զոհված 20-ամյա Հելեն Դադայանի մոր բաց նամակը
Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանը՝ Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20-ամյա Հելեն Դադայանի մայրը, Armlur.am-ի միջոցով բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին
«Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությանբ սարքել են իրենց քաղաքական թեման»:
Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ որ ճղճիմ քաղաքական հա՞րց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է․ սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է. 20 տարեկան աղջկաս դիակը տվեք՝ իմ հողում հուղարկավորեմ:
Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան, կատարե՛ք ձեր պարտականությունները՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին, և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի՛ քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը:
Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործեք, Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան»: