28/08/2023 13:33
Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ն ընդլայնվի․ Միացյալ շտաբի պետ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը չի բացառել՝ ՀԱՊԿ-ը կընդլայնվի, դիտորդները կավելանան։
«Մենք սկզբունքորեն պատրաստ ենք գործընկերներ, դիտորդներ ընդունել Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից ու այլ մայրցամաքներից, եթե լինեն։ Մեկ շաբաթ առաջ կարո՞ղ էինք հստակ ասել՝ ինչպիսին կլինի ԲՐԻԿՍ-ի կազմը։ Անձամբ ես չէի կարող։ Պետությունների ղեկավարները որոշեցին, և ԲՐԻԿՍ-ը ընդլայնվեց՝ ևս 6 պետություններով։ Ճիշտ նույն կերպ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Սիդորովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ BRICS-ի անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։
Հիշեցնենք, որ BRICS-ի գագաթնաժողովն անցկացվել է օգոստոսի 22-24-ը՝ Յոհանեսբուրգում, որի ժամանակ հայտարարվել է, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան BRICS-ի անդամություն կստանան և կառույցին կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։