28/08/2023 10:23
Հայաստանը ներսից ու դրսից սպանողները շատ գրագետ են աշխատում․ Վահե Հովհաննիսյանը՝ թմրանյութերի տարածվածության մասին
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․
«Արցախի թեմայից հետո, թերև, ամենազանգվածայինը, ամենաողբերգականը Հայաստանում, Երևանում թմրանյութերի տարածվածությունն է։
Պատմությունները, որոնք մենք անընդհատ լսում ենք, սահմռկեցուցիչ են. աղետը չի խնայում սեռ, տարիք, սոցիալական վիճակ, ինտելեկտ, ոչինչ։
Տասնյակ հազարավոր ընտանիքներում այս թեմայի մասին խոսվում է, որովհետև երեխա են ուղարկում դպրոց, ուսանողին՝ բուհ, ակումբներ. անհանգիստ են ամենուր։
Խոսում ենք, բայց թեման չի դառնում օրակարգ ու չի դրվում իշխանության առաջ, չի դառնում հանրային ընդվզման թեմա։
Երևանի ընտրություններում բոլոր 14 թեկնածուների առաջ պիտի սրությամբ դրվի հարցը՝ ինչի՞ց է այս վիճակը, և ի՞նչ ելքեր են տեսնում։ Գուցե քաղաքական ուժեր կան, որ սրան նորմա՞լ են վերաբերվում։ Ինչո՞ւ մի պահից իրավիճակը դարձավ այսքան անզուսպ վտանգավոր։
Այս առումով Ջոել անունով իտալահպատակ շունը շատ ավելի կարևոր բան է արել հայ ազգի համար, քան բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական ուժեր։ Ջոել անունով շունը բառիս բուն իմաստով փրկել է հազարավոր կյանքեր, ընտանիքներ, ճակատագրեր, որովհետև նրա հայտնաբերած թմրանյութը գալու էր մեր երկիր ու վիճակախաղի տրամաբանությամբ մտներ մեր տները։
Իտալացի շունը պատվով արեց իր գործը, հիմա հերթը հայ մարդունն է՝ Հայաստանում թմրանյութերի տարածման հակաբնական իրավիճակի շուրջ ընդվզելու։
Եթե մենք, որպես մարդ և հասարակություն, շարունակենք մնալ մի իտալացի շան հույսին, ապա մեզ ոչ մի լավ բան չի սպասում։
Իրականում Հայաստանը ներսից ու դրսից սպանողները շատ գրագետ են աշխատում։ Պատերազմներից ու պարտություններից հետո անորոշության մեջ հայտնված, բարոյալքված հասարակությունները շատ հեշտ են մտնում թմրանյութերի մահաբեր թակարդը։ Սահմանային մշտական լարվածության ու Արցախում կատարվողի ֆոնին հատկապես երիտասարդները, որոնք ամենադժվարն են տանում սթրեսը, նորից դառնում են մեր ամենավտանգված շերտը՝ հիմա էլ ա´յս առաջին գծում իրենց վրա կրելով հարվածը։
Պրոցեսն ակտիվ տեմպով գնում է՝ քաղաքում մեկնարկած ուրախ-զվարթ քարոզարշավին զուգահեռ։ Եթե քաղաքապետի որևէ թեկնածու ասի, որ սա քաղաքապետի իրավասությունից դուրս հարց է, ապա նրան հաջորդ հարցը տվեք. քաղաքում ամեն քայլափոխի տեղի ունեցող սարսափելի ավտովթարներն ու վայրի երթևեկությունը պատահականությու՞ն են, քաղաքում որոշակի համբավ ունեցող թաղամասերի և «մութ կետերի» ձևավորումը, երևանյան ուսումնական հաստատություններում շրջանառության մասին չդադարող տեղեկությունները, քաղաքում կտրուկ հաճախացած այլանդակ կրակոց-դանակահարությունները, որոնք մեր առօրյան են դարձել, ագրեսիայի անոմալ աճը. սրանք ամենևին միայն իրավապահների գործառույթը չեն ընդգրկում։ Միայն իրավապահները ոչինչ չեն կարողանալու անել, եթե չլինի պետական հստակ քաղաքականություն, քաղաքական ու համայնքային ղեկավարության լուրջ, հասուն մոտեցում և հանրային պահանջ։ Երևանի ընտրությունները լավ առիթ են՝ այդ հանրային պահանջը բարձրաձայնելու համար։ Ու հանկարծ չասեք՝ հիմա դրա ժամանակը չէ. էժան սինթետիկ ամֆետամինը 1-2 շաբաթում կարող է ծանր կախվածություն առաջացնել։ Մետամֆետամինը ընդամենը 3-4 օգտագործումից հետո ուղեղում կարող է անդառնալի փոփոխությունների բերել։ Սա այն թեման է, որ ամեն ինչից անկախ՝ կարող է դառնալ բոլոր ընտրազանգվածների երկխոսության կետ։ Նաև այսպես են երկրում գնում մթնոլորտի և իրավիճակի փոփոխության»։