28/08/2023 10:39
Անահիտ Մանասյանը զանգահարել է հոգեբուժական հաստատություն․ հարկադիր բուժման որոշումը կասեցվել է
ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հոգեբուժական հաստատությունը ցանկանում է իր պաշտպանյալին ընդհանուր հսկողության բաժանմունքից տեղափոխել հատուկ հսկողության բաժանմունք՝ հարկադիր բուժումը շարունակելու նպատակով։
Փաստաբանի պնդմամբ՝ ինքը դեռևս դատարանի որոշումը չի ստացել և ստանալու պարագայում ցանկանում է բողոքարկել։
Բարձրացված հարցի առնչությամբ անմիջապես կապ է հաստատվել հոգեբուժական հաստատության ղեկավարի հետ, ներկայացվել են գործի փաստական հանգամանքները, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները։
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում քաղաքացու նկատմամբ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում նշանակելու որոշման կատարումը կասեցվել է մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»: