28/08/2023 14:41
Տեղի է ունեցել վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացված բանակային խաղերի փակման արարողությունը
Օգոստոսի 27-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացված բանակային խաղերի փակման արարողությունը։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ուժային գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Ելույթ ունեցողները նշել են, որ առաջին անգամ անցկացված միջոցառումն ամրապնդեց համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։
Բանակային խաղերի ընթացքում մասնակիցները դրսևորել են կամային որակներ, արհեստավարժություն, հմտություններ՝ փորձելով լավագույնս ներկայացնել իրենց կառույցները։ Թիմերի ղեկավարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալներով, որոնք հանձնեց նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Անհատական մրցապայքարում և տարբեր մրցաձևերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներն արժանացան մեդալների, պատվոգրերի և դրամական խրախուսանքների։
Թիմային հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրել է ներքին գործերի նախարարության, 2-րդ տեղը՝ ազգային անվտանգության ծառայության, իսկ պատվավոր 1-ին հորիզոնականը` պաշտպանության նախարարության հավաքական թիմը։
Հիշեցնենք, որ բանակային խաղերին մասնակցում էին ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք մեկ շաբաթ պայքարեցին մի քանի մրցաձևերում: