28/08/2023 10:55
Կուսակցությունները և դաշինքները պետք է հայտարարեն, որ կոալիցիա չեն կազմի գործող իշխանությունների հետ․ Արշակ Սադոյան
Քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը նոր նախաձեռնության մասին է հայտնում․
«Հարգելի գործընկերներ,
Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և գիտակցելով մեր առջև ունեցած աղետալի խնդիրները , երեկ տեղի ունեցավ մի շարք կուսակցությունների, ՀԿ-ների և միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ժամանակ քննարկվեց և ընդհանուր որոշման հիման վրա, որոշվեց ստեղծել միասնական շտաբ՝ հասարակական և քաղաքական ուժերից կազմված, որը կկարողանա բացահայտել, բարձրաձայնել և փորձել կանխարգելել վարչական լծակների չարաշահման իշխանականների փորձերը, քվեարկության ժամանակ կիրականացնի վերահսկում, կկանխի և կբարձրաձայնի հնարավոր կեղծիքները և այս ընտրությունները կդարձնի գործող իշխանություններին մերժելու հանրաքվե:
Նշված նպատակի հիմքն է հանդիսանում ներկայիս իշխանությունների աղետալի գործողությունները՝
1. Քաղաքային տնտեսության և կառավարման համակարգի տապալումը
2. ՀՀ անվտանգության ապահովման ձախողումը
3. Պաշտպանական ռազմավարության տապալումը
Որպեսզի կանխվի ներկայիս իշխանությունների կամ նրանց արբանյակների վերարտադրումը, և ընտրողը հերթական անգամ չխաբվի և իր որոշիչ ձայնը չուղղի այդ ուժերից որևէ մեկին, միասնական շտաբին միացող բոլոր անդամները՝ հատկապես Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունները և դաշինքները, պետք է ունենան հստակ դիրքորոշում և հայտարարեն, որ ոչ մի պարագայում, ընտրության ցանկացած արդյունքի դեպքում, կոալիցիա չեն կազմի ներկայիս իշխանությունների հետ:
Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում 2023 թվականի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, ընտրություններին հայտ չներկայացրած քաղաքական և հասարակական ուժերին, հանրային նախաձեռնություններին աջակցել ստեղծված միավորման գործունեությանը և իրենց հերթին ակտիվ գործողություններով կոչ անել երևանցիներին՝ մասնակցելու առաջիկա քաղաքային ընտրություններին՝ մերժելով գործող իշխանությանը»: