28/08/2023 10:12
Արցախից օգնության SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանյան իշխանությունները դա խլացնում են համերգներով և փառատոններով․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Արցախի իշխանությունը` պետնախարարի մակարդակով, մի քանի օր առաջ դիմել է Հայաստանի կառավարությանը` Արցախում ստեղծված ծանր իրավիճակում քաղաքական, անվտանգային, իրավական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական միջամտություն ապահովելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Արցախի խնդիրը հիմնականում հումանիտար ծանր իրավիճակի շրջանակներում է քննարկվում, սակայն դա քաղաքական, անվտանգային խնդիրների չկարգավորման հետևանք է:
Հայաստանի իշխանությունն իր` Արցախի հանձնողական քաղաքականությունը արդարացնելու համար, սիրում է վիճակագրական թվեր ներկայացնել այն մասին, թե ինչ աջակցման ծրագրեր է իրականացնում:
Բայց խնդիրը, ինչպես արդեն Արցախից են հրապարակային հնչեցնում, զուտ սոցիալական հարցերը չեն, այլ այն, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում թուրք-ադրբեջանական դաշինքին համահունչ է գործում:
Փաշինյանական վարչակարգը նախ հետ կանգնեց Արցախի քաղաքական և անվտանգային հարցերին տեր լինելուց, ապա հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչով կանաչ լույս վառեց Արցախի տոտալ շրջափակման և արցախցիների ֆիզիկական գոյության համար:
Արցախից օգնության SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանյան իշխանություններն այդ ազդանշանը փորձում են խլացնել համերգներով և փառատոններով»: