28/08/2023 17:56
Պարզ է չէ՞, որ ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում, բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները․ Արման Թաթոյան
Պարզ է չէ՞, որ ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում: Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները՝ բան չկա՞ ասելու: Այդ մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ ադրբեջանական իշխանության դեպքում նույնիսկ միջազգային որևէ երաշխիք չի գործում, ուր մնաց նրանց հետ մենակ մնալու դեպքում:
«Այս պահի տեղեկություններով` ադրբեջանական կողմն ապօրինաբար ազատությունից զրկել և առևանգել է 3 արցախցի երիտասարդի, այդ թվում` բիրտ ուժի կիրառությամբ:
Հայաստան ուղևորվող երիտասարդների տարել են հարցաքննության և նրանցից 3-ին առևանգել: Երիտասարդները Բերձորի (Լաչինի) ճանապարհով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են Հայաստան` ուսման նպատակով: Այսինքն` այս դեպքում էլ նախապես իմացել են երիտասարդների ուղևորվելու մասին, ինչպես որ Վագիֆ Խաչատրյանի առևանգման պարագայում, որ տեղի էր ունենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:
Սա կամայականություն է բացարձակ, մարդուն ապօրինի ազատությունից զրկել ու առևանգել, հանցավոր արարք: Սրանք ադրբեջանական ֆաշիստական հայատյաց քաղաքականության բնական պտուղներն են:
Այսպես է լինում, երբ զիջում ես իրավունքներդ, արժանապատվությունդ ու մյուս կենսական իրավունքները զոհ ես դնում քաղաքական շահերին, երբ երկրում առաջնային հարցերը երկրորդականից և անգամ երրորդակնից հետո են կամ հարց է` արդյոք առաջնային հարցերը տեղ ունեն առհասարակ», - նշել է նա: