29/08/2023 12:12
Միայնակ հաջողության չե՛ս հասնի. «JAZZ BUSINESS»-ն արդեն իրականություն է
Նոր կապեր, հեռանկարներ, ժամանց բնության գրկում… ոչ ֆորմալ կրթական հնարավորություններից՝ մինչև Բյուրականի գաթայի հյուրասիրություն, բիզնես ոլորտի պրոֆեսիոնալների stand up-եր ու smart խարույկ՝ համեմված «Մալխաս Ջազ Տրիո» բենդի կախարդական երաժշտությամբ.
Բյուրականի «Հանդart» այգում «Bemel Production»-ի, «Գրքատուն» գրախանութի և «Karapp»-ի հետ համատեղ տեղի ունեցավ երկար սպասված «JAZZ BUSINESS» միջոցառումը։
Aysor.am-ը ևս այնտեղ էր՝ մասնակիցը դառնալու և լուսաբանելու տեսակով առաջին, բիզնես նորարարական միջոցառումը։ Մեզ հետ զրույցում, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը կարևորեց միջոցառման առանցքային գաղափարը՝ «Միայնակ հաջողության չե՛ս հասնի».
«Մարդիկ պետք է կապեր հաստատեն, նոր ծանոթություններ ձեռք բերեն, նոր հնարավորություններ տեսնեն և աջակցություն ակնկալեն տարբեր փորձառու մասնագետներից՝ իրենց նպատակներին հասնելու համար», - ասաց նա։
Բանախոսը նկատեց, որ կան այնպիսի ընկերություններ, որոնք կարևորում են իրենց աշխատակիցների անձնային աճն ու նոր հնարավորություններ ստեղծում դրա համար.
«Շատ գրավիչ է այն, որ տարբեր կազմակերպություններ ի հայտ եկան, որոնք աջակցեցին, տոմսեր գնեցին երիտասարդների համար, և տարբեր մարզերից երիտասարդների ներգրավեցին, քանի որ իրենց համար հնարավորությունները բավականին քիչ են»,-ասաց նա և վստահեցրեց, որ միջոցառման այս ձևաչափը լինելու է շարունակական, քանի որ առաջին փորձը շատ ոգևորիչ էր ու բավականին մեծ ինֆորմացիա, մտքեր ու գաղափարներ են ի հայտ եկել, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։
Միջոցառման երկրորդ մասում բանախոսները, յուրաքանչյուրն իր թեմայի շրջանակում, անդրադարձան մարքեթինգի, անձնային աճի, հաջողության ու մոտիվացիայի, նեթվորքինգի ու հաղորդակցման հմտությունների իրենց տարիների փորձին ու վարակեցին լսարանին այդ ոգևորությամբ՝ ստեղծելու, նոր բան սկսելու, միմյանց աջակցելու ու հայրենիքում այդ ամենն իրականություն դարձնելու համար։
Սամվել Գևորգյանը նշեց հինգ կարևոր պատճառ, թե ինչու սկսել սեփական բիզնես, Վահե Ռոբեր Այվազյանը «պատկերեց» ժամանակակից առաջնորդին՝ իր փորձով, կապերով ու հնարավորություններով, Արտակ Հարությունյանը տվեց կարևոր գործիքներ՝ բիզնեսն ամուր պահելու ու թվային մարքեթինգի հիգիենային տիրապետելու համար։ Բանախոսներից Գոռ Կարապետյանը մոտիվացրեց՝ մնալ ու զարգացնել տնտեսությունը Հայաստանում, օգնել երիտասարդներին ու լինել նրանցից մեկը, Ռուբեն Կարոյանը ցույց տվեց յուրաքանչյուր հարցում չափելի միավորների կարևորությունը և դրանով պայմանավորված հետագա զարգացումները։ Արմեն Նիազյանը «բացեց» անձնային աճի հինգ կարևոր դուռ և խորհուրդ տվեց փոխել միջավայրը, երբ այդ խանգարում է աճել, Շավարշ Կարապետյանը «տասը միլիոն դոլարի» կոնցեպտով ցույց տվեց նպատակին հասնելու գրավչությունը, իսկ Ավետիս Ավետիսյանը սովորեցրեց չվախենալ նոր ծանոթություններից, չմոռանալ շնորհակալ լինել, իսկ երախտագիտության բացակայության դեպքում, միևնույն է, շարունակել ժպտալ։
Aysor.am-ի հետ զրույցում «Karapp» հայկական N1 կրթական հավելվածի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շավարշ Կարապետյանը ևս մեկ անգամ ընդգծեց կրթության կարևորությունը.
«Նպատակը կրթությունն է՝ երկրում այն ավելի նոր մակարդակի բարձրացնելը, որի համար բավականին փորձառու խոսնակներ են հավաքվել։ Ճիշտ է, կարճ է ժամանակահատվածը, բայց կարելի է շատ կարևոր մեսիջ փոխանցել մարդկանց, որից հետո նրանք կմտածեն ինքնազարգացման և ինքնակրթության կարևորության մասին»,-ասաց նա։
Այն հարցին, թե արդարացվեցի՞ն արդյոք սպասումները, բանախոսը պատասխանեց.
«Մենք հույս ունենք, որ ինքներս էլ ինչ-որ չափով ոգեշնչման աղբյուր կդառնանք, որպեսզի նմանատիպ միջոցառումները շատանան, մարդիկ ավելի շատ խոսեն կրթության մասին ու կրթվեն։ Միջոցառման հետցնցումները մենք ամիսներ շարունակ կտեսնենք՝ հասկանալու՝ ինչպե՞ս շարունակել ավելի հետաքրքիր կերպով կապիտալիզացնել և մեծացնել այս ձնագունդը, հասցնել տեղ ու հարվածել թիրախին։
Երեկոյան «JAZZ BUSINESS» միջոցառումն ամփոփվեց Smart խարույկի շուրջ՝ հագեցած հյուրերի, բանախոսների ու երիտասարդների ակտիվ քննարկումներով, փորձի փոխանակմամբ ու նոր հեռանկարների տեսլականով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։