29/08/2023 19:15
Դեղամիջոցներով թունավորումներ. Մարինե Գրիգորյանը՝ վտանգների մասին
Դեղերով թունավորումները կարող են չափազանց վտանգավոր լինել: Օրինակ` խիստ վտանգավոր են սրտային և ճնշում կարգավորող դեղերը, հակադեպրեսանտները, քնաբերները և ցավազրկող դեղերը: Առանց դեղատոմսի դուրս գրվող շատ դեղեր, ինչպես օրինակ՝ գլխացավի, ճնշումը կարգավորող կամ երկաթ պարունակող դեղերը կարող են ծանր թունավորում առաջացնել:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ հաճախ է պատահում, որ երեխաները պատահաբար գտնում և ընդունում են անգամ անհասանելի տեղում պահված դեղերը: Նրանք հիմնականում հակված են ուտել քաղցրացված դրաժեները կամ օշարակները և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, որը չափազանց վտանգավոր է: Տհաճ, դառնահամ հաբերը սովորաբար ընդունում են մեկ կամ երկու հաբից ոչ ավելին և շատ հաճախ դուրս են թքում:
Համեմատաբար անվտանգ են հետևյալ դեղերով թունավորումները.
AD-վիտամինները. AD-վիտամինների 25 մլ շշիկով կաթիլների միանվագ ընդունումն անվտանգ է: Տանը մի՛ պահեք վիտամինների մեկ ամսվա անհրաժեշտ պաշարից ավելին:
Ֆտորի հաբեր. եթե երեխան կուլ է տվել մինչև 200 հատ 0,25 մգ-ոց ֆտորի հաբեր` բավական է պարզապես կաթ տալ: Երբեմն կարող է մարսողության թեթևակի խանգարում նկատվել: Ստուգեք, թե արդյոք ֆտորի պարունակությունը դեղահաբերում ավելի մեծ չէ:
Ամբրոքսոլ, ացետիլ ցիստեին, բրոմհեքսին և այլ խորխաբերները վտանգավոր չեն, միչդեռ այլ դեղերի հետ դրանց խառնուրդները (օրինակ` ամբրոքսոլ և բետա ադրենոմիմետիկ) վտանգավոր են:
Հակաբեղմնավորիչները ընդունելը վտանգավոր չէ:
Պետք է՝
դեղերը միշտ պահել փակվող պահարանում,
սառը տեղում պահվող դեղերը պահել սառնարանի ամենավերին դարակում,
խուսափել դեղերն «անապահով» տեղերում պահելուց, ինչպես օրինակ, պայուսակում, պահարանում կամ զարդասեղանին,
ազգականները կամ երեխաներին խնամող և հյուր եկած անձինք պետք է իրենց դեղերը պահեն երեխաներին անհասանելի տեղում:
Հարկավոր է չափազանց ուշադիր լինել, եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդ է և դեղեր է օգտագործում:
Միշտ կարդացեք դեղերին կցվող դեղատոմսը` նախքան այն երեխային տալը:
Միշտ պահեք դեղերն իր նախնական տուփով, երբեք մի պահեք տվյալ դեղը մեկ այլ դեղատուփում, քանի որ այդ մասին կարող եք մոռանալ, այնուհետև շփոթել դեղերը:
Երբեք մի՛ վստահեք նույնիսկ լավ փակվող դեղատուփերին:
Խուսափեք երեխայի ներկայությամբ դեղեր ընդունել, քանի որ նա կարող է ձեզ նմանակել և ինքնուրույն խմել դեղը:
Երեխային դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ անվանեք:
Մասնագետը հորդորում է՝ եթե երեխան դեղերը է օգտագործել, ապա ամիջապես կապվեք ԹԽԿ-ի հետ խորհրդի համար, երբեք մի սպասեք թունավորման ախտանշաններին և հիվանդանոց գնալիս ձեզ հետ վերցրեք դեղի տուփը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։