29/08/2023 17:09
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառի վրա անպարկեշտ գրառում կատարելու մեղադրանքով 57-ամյա կնոջ են ձերբակալել, ՔՊ-ն ճանաչվել է տուժող
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու դեպքի հանգամանքները:
2023թ. օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 57-ամյա կինը ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կուսակցությունը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինս ազատ է արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է»: