29/08/2023 17:51
Բաբելոնյան քարտեզը հետազոտող պրոֆեսոր Ֆինքելը Երևանում դասախոսությունների շարք կանցկացնի․ Աշխարհի այդ ամենահին քարտեզում նշված է նաև Հայաստանը
Բրիտանական թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 4-ին Երևան է ժամանելու աշխարհում սեպագրագիտության և Հին Մերձավոր Արևելքի հնագույն շրջանն ուսումնասիրող թերևս ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Բրիտանական թանգարանի Միջին Արևելքի դեպարտամենտի պահապան, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը, տեղեկացնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից։
«Սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին Էրեբունի թանգարանի գիտաժողովների դահլիճում, Ֆինքելը կանցկացնի սեպագրի հիմքունքների վերաբերյալ անվճար դասախոսություններ հայ ուսանողների և թեմայով հետաքրքրված մասնագետների համար:
Իրվինգ Ֆինքելը հանդիսանում է աշխարհի ամենահին քարտեզի (բաբելոնյան քարտեզ) հետազոտողներից մեկը: Պրոֆեսոր Ֆինքելը սիրով համաձայնվել է նաև սեպտեմբերի 8-ին բաց դասախոսությամբ հանդես գալ այդ քարտեզի վերաբերյալ, որտեղ նշված է նաև Հայաստանը:
Վարպետաց դասի աշխատանքային լեզուն անգլերենն է: Աշխատանքային ժամերն են՝ 11:30—15:00-ն (13:00-14:00՝ սուրճի ընդմիջում):
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սեպտեմբերի 4-ը՝ գրելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հասցեին՝ [email protected]»,- նշված է հաղորդագրությունում ։