29/08/2023 23:00
Կրեմլը դրական է արձագանքել Ռուսաստանի մասին Հռոմի Պապի խոսքերին
Կրեմլը դրական է արձագանքում Ռուսաստանի մասին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի խոսքերին, դրանք Ռուսաստանի՝ որպես պետության և Ռուսաստանի հասարակության դիրքորոշմանը համահունչ են, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով իրենց երկրի մասին Հռոմի Պապի խոսքերին։
Օգոստոսի 25-ին Ֆրանցիսկոս Պապը, տեսաուղերձի միջոցով դիմելով Կաթոլիկ երիտասարդների համառուսաստանյան ժողովի մասնակիցներին, նրանց կոչ էր արել «չմոռանալ հզոր Ռուսաստանի ժառանգության մասին» և իր խոսքում հիշատակել էր Պետրոս Առաջինին և Եկատերինա Երկրորդին։
«Հռոմի Պապը գիտի Ռուսաստան պատմությունը, և դա շատ լավ է։ Այդ պատմությունն իրոք շատ խորն է, ունի խորն արմատներ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի ժառանգությունը չի սահմանափակվում Պետրոս Առաջինով և Եկատերինա Երկրորդով, այն շատ ավելի հին է։
Պեսկովի խոսքով՝ պետության բոլոր օղակները մեծ ուշադրություն են դարձնում, որ այդ ժառանգությունը պատշաճ փոխանցվի սերունդներին, որ նրանք արժանապատվորեն կրեն այն։
«Եվ այն, որ Հռոմի Պապի խոսքերը ներդաշնակ են հնչում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին, շատ ուրախալի է»,- ասել է նա։