29/08/2023 11:10
Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ գործել է ապօրինի․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ, տարիներ շարունակ «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից իրականացվել է հեղուկ վառելիքի վաճառքի գործունեություն։
Մասնավորապես՝ տնտեսվարողը հողատարածքի նկատմամբ չի ունեցել որևէ իրավունք, լցավորման կայանը տեղադրել է թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության պայմաններում՝ ինքնակամ։ Բացի այդ, կայանի տարածքը փողոցների և ճանապարհների երթևեկելի մասից տարանջատված չի եղել անվտանգության գոտիով, որի լայնությունը սահմանվում է մայթի տեղադրման պայմանից՝ 1.5 մետր լայնությամբ: Ավտոմոբիլների լցավորման կայանի դիմացի հատվածում գտնվող հասարակական շինությունը 25 մետրի փոխարեն եղել է 14 մետր հեռավորությամբ, իսկ վառելիքի 2 տարողությունները՝ 12 տոննա ընդհանուր ծավալով, տեղադրված են եղել այգու տարածքում` արհեստական խոտածածկով քողարկված։