29/08/2023 13:17
Կապանի երաժշտական դպրոցի տնօրենի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 1,8 մլն դրամի վնաս
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Վ.-ն, զբաղեցնելով «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակելով 1 մլն 816 հազ. ՀՀ դրամ:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ ՀՈԱԿ-ի տնօրեն Լ. Վ.-ն, որոշելով հափշտակել իրեն վստահված խոշոր չափերով պետական գույքը, պայմանավորվածություն է ձեռք բերել դստեր հետ՝ նրան նույն ՀՈԱԿ-ում որպես գործավար ձևակերպելու և վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում նրա անվամբ յուրաքանչյուր ամիս որպես աշխատավարձ ելքագրվող գումարներն ստանալու և յուրացնելու վերաբերյալ: Դստեր՝ աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից՝ 2021 թվականի մայիսի 12-ից մինչև աշխատանքից ազատելու օրը՝ 2023 թվականի հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, Լ. Վ.-ն յուրանաչյուր ամիս աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք ներկայացրել հաշվապահություն՝ աշխատավարձի վճարման համար:
Արդյունքում՝ նշված կեղծ տեղեկագրերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից վերը նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ անօրինական հաշվարկվել և ելքագրվել է ընդհանուր` 1.816.998 ՀՀ դրամ, որը միասնական դիտավորությամբ յուրացվել է:
Վերը նշված հանցանքի կատարման համար Լ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: