29/08/2023 11:39
Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբյեկտությունը. Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է՝ Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբյեկտությունը, բայց գոնե կարող ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը։
«Հակարիի կամրջի վրա տեղակայված անցակետից առևանգված երեք հայ երիտասարդների պատմությունը դարձյալ կրքեր է բորբոքել: Իրավիճակը, սակայն, չենք կարող օբյեկտիվ գնահատել՝ առանց ռեալիստական մի քանի արձանագրումների.
• ԼՂ-ն այսօր կորցրել է սուբյեկտության բոլոր բաղադրիչները: Ստեղծված իրավիճակում նույնիսկ անիմաստ է քննարկել որևէ տարբերակ, որը քաղաքական ինքնավարություն է ենթադրում ԼՂ-ի համար: Կոպիտ ասած, «կարմիր գծեր» սահմանելու ռեսուրս չունենք: Հիմա խոսքը կարող է գնալ ԼՂ-ում հայության կյանքի իրավունքի մասին: Ռուսական կողմի առաջ ուղիղ այս հարցը պետք է ձևակերպել՝ հայության այդ իրավունքը երաշխավորո՞ւմ են, թե՞ պետք է մտածել հումանիտար միջանցքի և մեր հայրենակիցների էվակուացիայի մասին:
• Ռուսաստանին վերագրվող առաջարկությունները շատ վատն են, բայց Բաքվի կողմից ընդունվելու դեպքում, գոնե, երաշխավորում են Արցախի հայության կյանքի իրավունքը՝ անվտանգության մինիմալ երաշխիքներով: Ռուսական առաջարկները քննադատելը հեշտ է, ընդդիմախոսներն այդ դեպքում թող հրապարակայնացնեն արևմտյան առաջարկությունները, եթե դրանք, իհարկե, ԼՂ ժողովրդի տեղահանության մասին չեն:
• Ժամանակը ու միջազգային համատեքստն աշխատում են մեր դեմ: Եթե հիմա քաղաքական լուծումներ չգտնվեն, ապա երկու- երեք ամիս հետո ավելի ծանր գին ենք վճարելու:
• Ռուսական խաղաղապահ առաքելությունը իր մանդատը շատ անբարեխիղճ է իրականացնում: Այստեղ վիճելու խնդիր չկա: Այնուամենայնիվ, իրականությունից կտրված են ու գռեհիկ մանիպուլյացիա են ԼՂ միջազգային խաղաղապահ առաքելություն հրավիրելու կոչ/ հորդորները. ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն նման որոշում չեն կայացնելու, Ադրբեջանն անգամ չի քննարկելու նման որևէ առաջարկություն, աշխարհում չկա որևէ երկիր (անգամ՝ Ֆրանսիան), որը պատրաստ է կոշտ հակադրության մեջ մտնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ հանուն Հայաստանի, առավել ևս՝ Արցախի ժողովրդի:
• Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը գլոբալ հարթության վրա չի փոխելու բանակցային համատեքստը, բայց Հայաստանին կվերադարձնի սուբեկտությունը: Փաշինյանի իշխանությունը ոչ միայն կործանել է Արցախը, այլև քաղաքական կամքի ու օրակարգի բացակայության, պոպուլիզմի ու արկածախնդրության հետևանքով Հայաստանը զրկել է փաստացի սուբյեկտությունից՝ նրան վերածելով բանակցությունների օբյեկտի:
Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբյեկտությունը, բայց գոնե կարող ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը: Իհարկե, եթե չհապաղեք»։