30/08/2023 21:02
Թափանցիկ մկներն օգնում են գիտնականներին հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում
Գերմանացի գիտնականները մշակել են սկանավորման մեթոդ, որը թույլ է տալիս հայտնաբերել քաղցկեղը և այդպիսով բարելավել քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցների փորձարկումը: Նոր մեթոդի առանցքային տարրը թափանցիկ, անշունչ մկներն են։
Սատկած մկնիկը թափանցիկ դարձնելու միջոց դեռ 2018 թվականին հայտնաբերել է հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Ալի Էրթուրքը։
Դրա համար քիմիական եղանակով հեռացվում են բոլոր ճարպերն ու պիգմենտները, ինչի արդյունքում մուկը դառնում է առաձգական «պլաստիկ խաղալիք»։
Ներքին օրգանները, արյան անոթները և նյարդային մանրաթելերը մնում են անձեռնմխելի, բայց դառնում են գրեթե ամբողջությամբ թափանցիկ: Հենց դա էլ թույլ է տալիս գիտնականներին ուսումնասիրել որոշ օրգաններում տեղի ունեցող գործընթացները՝ ներմուծելով հատուկ հակամարմիններ։
Պրոֆեսոր Էրթուրքի գլխավորած գիտական խմբի գլխավոր ձեռքբերումն այն է, որ հատուկ ընտրված պատրաստուկների շնորհիվ նրանք սովորել են «ընդգծել» անհրաժեշտ հյուսվածքները, որպեսզի սկանավորման ժամանակ դրանք տեսանելի լինեն ամենափոքր մանրամասներով։
Գիտնականները պնդում են, որ իրենց մեթոդը կարող է իսկական հեղափոխություն մտցնել բժշկական հետազոտություններում։ Արդեն առաջին փորձերի ժամանակ հետազոտողները կարողացել են հայտնաբերել քաղցկեղային ուռուցքները՝ ձևավորման սկզբնական փուլերում։
Ըստ պրոֆեսոր Էրթուրքի, սա չափազանց կարևոր է, քանի որ նախքան մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ իրականացնելը, պետք է ցույց տրվի, որ դեղամիջոցներն արդյունավետ են մկների վրա:
«Ներկայումս գործող դեղամիջոցները կարող են երկարացնել հիվանդի կյանքը մի քանի տարով, բայց հետո քաղցկեղը վերադառնում է։ Եվ դա տեղի է ունենում այդ շատ մանր ուռուցքների աճի շնորհիվ, որոնք աննկատ են մնացել»,- ավելացնում է գիտնականը:
Որպես կանոն, լաբորատորիայում մկներին ներարկում են քաղցկեղի բջիջներ, այնուհետև, օգտագործելով սովորական սկանավորում, վերահսկում են ուռուցքի աճը: Հետո մկներին տրվում է քաղցկեղի դեմ փորձարարական դեղամիջոց և նորից սկանավորում արվում՝ տեսնելու, թե ինչպես է այն աշխատում:
Պրոֆեսոր Էրթուրքի թիմի կողմից մշակված սկանավորման մեթոդը կարող է կիրառվել միայն սատկած մկների վրա, սակայն այն հստակ պատկերացում է տալիս, թե արդյոք ուռուցքը առաջադիմե՞լ է, թե՞ դեղը գործել է։
Քաղցկեղի հետազոտությունների Միացյալ Թագավորության խոսնակ Ռուպալ Միստրին ասել է, որ սկանավորման եզակի մեթոդը մեծ հեռանկար ունի, քանի որ այն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես է գործում օրգանիզմը և ինչ գործընթացներ են խաթարվում քաղցկեղի առաջացման ժամանակ:
Նշված մեթոդն, ըստ նրա, գիտնականներին շատ բան է պատմում հիվանդության զարգացման սկզբնական փուլերի մասին։
Մկների վրա կատարված ուսումնասիրությունները հաճախ ելակետ են հանդիսանում մարդու օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների ուսումնասիրման համար։ Սակայն տեսականորեն նոր տեխնիկան կարող է օգտագործվել ցանկացած կենդանու հյուսվածքների ուսումնասիրության համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն