30/08/2023 09:41
«Հրապարակ». Ինչ պարզաբանումներ է ներկայացրել Արայիկ Հարությունյանը «պադվալային պայմանավորվածությունների» մասով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին՝ Արցախի խորհրդարանի ընդլայնված կազմով արտահերթ նիստի ընթացքում, առճակատում է տեղի ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի միջև։ Նրանց հակասությունները հին պատմություն ունեն` 2000-ին Ղուկասյանի նկատմամբ մահափորձ իրականացվեց, որի պատվիրատու ճանաչվեց Սամվել Բաբայանը, նա դատապարտվեց 14 տարի ազատազրկման, սակայն 4 տարուց, Ռոբերտ Քոչարյանի միջնորդությամբ, Արկադի Ղուկասյանը նրան ներում շնորհեց:
Բայց նրանք հավերժ թշնամացան: Երեկվա նիստում, երբ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, և ներկաները տեսակետներ են հայտնել, Ղուկասյանը պահը բաց չի թողել և կոռեկտության կոչ է արել «որոշներին»՝ հորդորելով այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու կեղտոտ փորձեր չանել։ Եվ Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունն է վկայակոչել ու Արայիկ Հարությունյանից պահանջել` պարզաբանումներ ներկայացնել Սյամոյի հայտարարությունների, մասնավորապես` «պադվալային պայմանավորվածությունների» մասով։ Հարությունյանը ստիպված է եղել ծայրից ծայր հերքել Բաբայանի հայտարարությունը, վերջինս բառ անգամ չի արտաբերել։
Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրում էր «ութնյակին»` Հարությունյանի հետ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և նոր նախագահ ու կառավարության կազմ որոշելու հարցում: Ութնյակի մեջ են նաև Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել էին Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել նրա` հրաժարական տալու մտադրությունը»։