30/08/2023 13:42
Որոշել եմ դառնալ ոստիկան, որ Արցախում պահպանվի հասարակական կարգն ու կանոնը. Արմինեն Արցախում միակ աղջիկն է, որը պրոֆեսիոնալ զբաղվում է MMA-ով
18-ամյա Արմինե Ավանեսյանը ընտանիքի հետ ապրում է Ստեփանակերտում։ Նա տան հինգերորդ երեխան է: Արմինեն սովորում է Գրիգոր Նարեկացու անվան պետհավատարմագրված համալսարանի «Ֆիզկուլտուրա, սպորտ» քոլեջի չորրորդ կուրսում: Նա արդեն 7 տարի է՝ զբաղվում է MMA (խառը մենամարտեր) սպորտաձևով:
Արմինեն դեռ փոքր աղջնակ էր, երբ այդ սպորտաձևի մարզադահլիճը իրենց շենքի առաջին հարկում բացեցին, և նա, առաջին անգամ մտնելով մարզասրահ, սիրահարվեց սպորտաձևին և մինչ օրս հաճախում է պարապմունքներին:
Ի դեպ՝ Արմինեն Արցախում միակ աղջիկն է, ով պրոֆեսիոնալ զբաղվում է MMA-ով:
Արմինեն պատմում է, որ իր համար ամենից հիշարժան պահերից էր, երբ իր հաղթանակի կապակցությամբ Արցախի դրոշը ծածանվեց Ուկրաինայում: Դա իր ամենից կարևոր ձեռքբերումներից էր:
Տարվա ընթացքում վեց-յոթ մրցույթի էր մասնակցում Երևանում և բազմաթիվ հաղթանակներ նվաճում՝ միայն ու միայն առաջին տեղ զբաղեցնելով։ Իր ամեն մի հաղթանակը իրեն նոր ուժ էր տալիս, որ հետագայում ավելի եռանդով շարունակի իր պարապմունքները:
«Դեկտեմբերի 12-ին պսևդո-էկոակտիվիստները, երբ փակում էին ճանապարհը, ինձ թվում էր, որ շատ շուտ կբացվի: Չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան երկար կարող է ձգվել: Մենք շատ ինտենսիվ պարապմունքներ էինք անցկացնում մրցումների նախաշեմին, քանի որ դեկտեմբերի վերջին պետք է գնայինք Երևան մրցումների: Սկզբնական շրջանում շրջափակումը ինձ վրա մեծ ազդեցություն չունեցավ, ես նույն տեմպով պարապում էի ու առօրյաս, գրեթե, չէր փոխվել: Գնալով ավելի էր բարդանում՝ խանութներում սպառվում էին բոլոր տեսակի ուտելիքները», - ասում է նա։
«Մարզվելու համար անհրաժեշտ է էներգիայի մեծ պաշար, որը ստանում էինք մրգերից ու բանջարեղենից։ Մենք էլ չունենք գյուղում բնակվող հարազատներ, ովքեր կարող էին մեզ օգնել այդ օրերին ձեռք բերել բանջարեղեն: Հետո այդ ամենին ավելացավ գազամատակարարման անջատումը, որի հետևանքով արդեն հնարավոր չէր տաքացնել մարզադահլիճը, մենք ստիպված պարապում էինք տաք հագուստով: Համալսարանում դասերին նստում էինք վերարկուներով, այդպիսի պայմաններում անհնարին էր դառնում նորմալ սովորելը», - նշում է Արմինեն։
Նա պատմում է, որ բնակարանը տաքացնում էին գազի վառարանով, այն անջատելուց հետո տունը, գրեթե, չէինք տաքացնում, քանի որ հովհարային անջատումները այնքան երկար էին, որ լույսերը տալուց հետո մի փոքրիկ էլեկտրական վառարանը չէր տաքացնում բնակարանը:
«Ձմռան ընթացքում ես ստիպված էի շատ բացակայել թե՛ պարապմունքներից, թե՛ դասերից:
Տատիկս հավեր ունի, նա մեզ համար միշտ ձու է ուղարկում, մենք էլ փորձում ենք մեր ընկերներին բաժին տալ:
Ընկերներից ոմանք էլ գյուղից այս ահավոր, դժվարին պայմաններում, երբ իսպառ բացակայում է հասարակական տրանսպորտը, փորձում են մեզ համար կաթնամթերք ուղարկել: Անգամ այս ընթացքում իրար շամպույն ենք տալիս, որ միմյանց օգնած լինենք:
Գիշերվա չորսին հաճախ հացի հերթերի եմ կանգնում, երբեմն մրգի հերթերին եմ երկար կանգնում: Հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով արդեն երկար ժամանակ է չեմ գնում մարզասրահ MMA-ի պարապմունքների, որը բացասական է ազդում մարզական վիճակիս վրա։
Որպեսզի ամողջությամբ չկորցնեմ մարզավիճակս, հաճախում եմ լողի ու մարզասրահ: Ցանկացած մարզիկի մարզական կյանքը կարճ է, իսկ այս շրջափակման հետևանաքով ես բաց թողեցի շատ մրցաշարեր, որտեղ կարող էի ներկայանալ ու բարձր պահել Արցախի պատիվը:
Չնայած բոլոր դժվարություններին՝ ես սեպտեմբերից վերականգնելու եմ իմ MMA-ի պարապմունքները ու պահեմ իմ մարզավիճակը, որ ճանապարհների բացվելուն պես պատշաճ հանդես գամ մրցաշարերում:
Ես միակ աղջիկն եմ Արցախում, ով զբաղվում է այս մարզաձևով, բայց նպատակ ունեմ աղջիկների խումբ բացել ու ինքս մարզել:
Որոշել եմ դառնալ ոստիկան, որ Արցախում պահպանվի հասարակական կարգն ու կանոնը», - ասաց Արմինեն:
Նա այս սպորտաձևի շնորհիվ բացահայտել է, որ հաղթահարել է մեծ դժվարություններ ու իր կամքի ուժի շնորհիվ մինչև վերջ գնում է իր նպատակի հետևից: Ամբողջությամբ չի հասել իր նպատակին, բայց մեծ քայլեր արել է։ Սակայն իր կամքին հակառակ բախվեց մի իրականության, որ քայլերը սկսեցին դանդաղել:
Հիասթափություն կա, բայց վստահ է, որ իր հաղթանակները դեռ առջևում են, չնայած որ, երկար ժամանակ մրցաշարերին չմասնակցելն էլ ևս իր հերթին ունենում է հոգեբանորեն բացասական ազդեցություն: