30/08/2023 11:53
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը մեզ համար անընդունելի է. մեզ համար մեկ ճանապարհ կա՝ Լաչինի միջանցքն է. Իշխանյան (Տեսանյութ)
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ երեկ Ադրբեջանի կողմից Ակնայով «հումանիտար» բեռ ուղարկելուն և հայտարարեց, որ հումանիտար բեռի համար մեկ ճանապարհ կա՝ Լաչինի միջանցքն է:
«Եվ այդ միջանցքով անխափան երթևեկությունը պետք է վերականգնվի: Դա ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով: Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական թեզին, ապա դա նորություն չէ: Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը արևմտյան գործընկերների, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ մտադրությունը ներկայացնել և իրականություն դարձնել:
Ադրբեջանի երեկվա քայլը մեզ հասկանալի է, նախ անընդունելի է։ Բավականին քննարկումներ են եղել, մեր հասարակությունը պետք է տեղեկացված լինեն, որ Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են նրան, որ այդ ճանապարհի գործարկումը անընդունելի է մեզ համար մի շարք պատճառներով:
Պատճառներից մեկն այն է, որ մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինը, և մենք երկրորդ միջանցքի հասկացողություն մեզ համար չպետք է ամրագրենք: Ադրբեջանը, քաղաքական նպատակներ հետապնդելով, փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենք ներքին խնդիր ունեն և Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող առնչվել արտաքին աշխարհի հետ: Այս խնդիրը հասել է ՄԱԿ-ի ԱԽ»,-նշեց Իշխանյանը։