30/08/2023 18:00
Դպրոցական նոր դասագրքերը դեռ չեն տպագրվել, ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել և տալ աշակերտներին
Նոր չափարոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների որոշ դասարաններում կփոխվեն նաև դասագրքերը: Նոր ստեղծված դասագրքեր կտրամադրվեն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններին՝ հաշվի առնելով, որ չափորոշիչը ներդրվում է միայն նշված դասարաններում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռևս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին և ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած և նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են, մանրամասնել է նա։
«Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում: Յուրաքանչյուր ուսուցիչ էլեկտրոնային մատյանի համապատասխան էջում կարող է տեսնել էլեկտրոնային դասագրքի հղումը: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին. օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նոր ստեղծվող դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից մի քանի օրվա թեմաների նյութերը տպագրել և տրամադրել աշակերտներին մինչև նոր դասագրքերի տպագրումը: Իհարկե, աշակերտները նույնպես կարող են էլեկտրոնային դասագիրքը ներբեռնել»,- նշել է Արաքսյա Սվաջյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունն ակնկալում է մանկավարժների և ծնողների համագործակցված աշխատանքը անցումային փուլի բարդությունները հաղթահարելու հարցում։ Ակնկալվում է նաև մանկավարժական հանրույթի և ծնողների արձագանքը նոր ստեղծված դասագրքերի վերաբերյալ, ինչը թույլ կտա հստակեցնել՝ որոնք կվերախմբագրվեն, որոնք՝ կշարունակեն գործարկվել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ կրթական նոր չափորոշիչը 10-րդ դասարանում չի ներդրվի՝ պայմանավորված դասագրքերի պակասով:
«10-րդ դասարանում 10-ից ավելի պակաս դասագրքեր կան, ուստի չափորոշիչը այս դասարանում կներդրվի հաջորդ ուսումնական տարում: Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ, և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում ևս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ, և 7-րդ դասարաններում, այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է Սվաջյանը։