30/08/2023 18:52
Հուսամ՝ հումանիտար բեռներով 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը․ Արայիկ Հարությունյան
Այսօր տեսակապով ողջունել եմ Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունը ուղեկցող պատվիրակության անդամներին, հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Արցախի իշխանություններն ու ժողովուրդը երախտապարտ են Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու բարեկամության ուխտին՝ սատար կանգնելով լիակատար պաշարման մեջ ցեղասպանության ենթարկվող արցախցիներին: Հուսամ՝ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները, իսկ այս դեպքը նախադեպ կդառնա այլ երկրների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար»,- գրել է Արցախի նախագահը՝ Ֆեյսբուքի իր էջում: