30/08/2023 20:32
Ադրբեջանցիները, տեսնելով արցախցիների վճռականությունը, ռուս խաղաղապահներին առաջարկել են իրենց մեքենաներով Ակնայից անցկացնել բեռները․ Ստեփանակերտում «օգնությունը» չեն ընդունել
Երեկվանից ադրբեջանական բեռնատարները Արցախ ուղարկված «հումանիտար» օգնության անվան տակ կանգնած են Ակնա-Ասկերան ճանապարհին, որտեղ արցախցիները նստացույց են իրականացնում՝ ամեն կերպ հրաժարվելով այդ «հումանիտար» օգնությունից:
Արցախցիները վստահեցնում են, որ երբեք, ոչ մի գնով թշնամու օգնությունը չեն ընդունի:
Քիչ առաջ hraparak.am-ին հայտնի է դարձել, որ ռուս խաղաղապահները փորձել են իրենց ավտոմեքենաներով բեռները անցկացնել Ստեփանակերտ, սակայն հանդիպել են արցախցիների դիմադրությանը, որոնք ոչ մի կերպ թույլ չեն տվել, որ որևէ բեռ մտնի Արցախի տարածք:
Լրատվամիջոցի աղբյուրները պատմել են, որ ադրբեջանցիները, տեսնելով արցախցիների վճռականությունը, առաջարկել են ռուս խաղաղապահներին` իրենց մեքենաներով անցկացնել բեռները: Բայց երբ ռուս խաղաղապահներն իրենց մեքենաներով ներկայացել են Ասկերանի անցակետ, այդ ընթացքում բանակցել են Արցախի ներկայացուցիչների հետ և համոզվելով, որ ցանկացած պարագայում արցախցիներն այդ օգնությունը չեն ընդունելու՝ ձեռնունայն հետ են վերադարձել: