30/08/2023 19:14
Հայաստանը Տրինիդադ և Տոբագոյի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց․փաստաթուղթը ստորագրեցին Մարգարյանը և Ֆրենսիսը
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը
Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը, հայտնում են ԱԳՆ-ից։
«ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրեցին երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը։
Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցչին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 78-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով հաջողություն նախագահության ընթացքում»,- նշված է հաղորդագրությունում։